Հայկական ստարտափ. աշխարհի առաջին «ճախրող» ու խելացի տեսախցիկը. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական ստարտափ. աշխարհի առաջին «ճախրող» ու խելացի տեսախցիկը. hetq.am

Լուսին հիշեցնող փոքրիկ տեսախցիկը՝ Moon-ը, միայն նկարելու համար չէ. օդում հայտնվող այս սարքը տան ավտոմատացման կենտրոն է, այսինքն՝ բնակարանի սարքավորումները տանից հեռու լինելու դեպքում կառավարելու միջոց։

Ստարտափի համահիմնադիր, ղեկավար Սերգո Օգանովն ասում է. «Նման հնարավորություններ ունեցող սարքավորումներ, իհարկե, կան, բայց Moon-ն աշխարհում առաջին տեսախցիկն է, որում համատեղել ենք մի քանի տարբեր գործառույթներ, և այն միակ լեվիտացիոն տեսախցիկն է, որը կարծես հրաշքով մնում է օդում և հենց այդ դիրքում էլ տեղի է ունենում դրա մարտկոցի լիցքավորումը»։

Moon-ի նորարարությունն արդեն հաստատված և, իհարկե, պաշտպանված է. տեսախցիկն արդեն պատենտավորված է։

Որպես տեսախցիկ այն նախատեսված է օգտագործել տեսահանդիպումների համար։ Ի տարբերություն մյուս նմանատիպ սարքերի՝ այն ունի ձայնային լավ որակ՝ միկրոֆոնները մաքրում են աղմուկն ու թողնում միայն անհրաժեշտ ձայնը։ Տեսախցիկը միանգամից պտտվում է այն մարդու կողմն, ով այդ պահին խոսում է։

Moon-ի գործառույթները տարբեր են։ Բնակարանում եղած կամ բնակարանի հետ կապված այն բոլոր սարքավորումները, որոնք աշխատում են Bluetooth-ով, Z-wave-ով կամ ZigBee-ով, հեշտությամբ հնարավոր է հեռակա կարգավորել Moon-ի միջոցով։ Այս դեպքում ոչ մի սահմանափակում չկա։ Օրինակ՝ կարելի է միացնել սուրճ եփող ապարատը, բացել ավտոտնակի դուռը, բարձրացնել շերտավարագույրը, միացնել լույսերը։

Սրանից բացի՝ Moon-ը հեռակառավարման վահանակի ինֆրակարմիր ճառագայթների շնորհիվ թույլ է տալիս տանը չլինելու դեպքում հեշտությամբ կառավարել նաեւ այն բոլոր սարքերը, որոնք ունեն հեռակառավարման վահանակ։ Այսինքն՝ հնարավոր է հեռախոսի միջոցով միացնել կամ անջատել հեռուստացույցը, օդափոխության համակարգը։

Moon-ն ունի միջավայրի չորս տարբեր երևույթի՝  ջերմաստիճանի, խոնավություն, լույսի, CO2-ի չափման հնարավորություն։ Անհրաժեշտ է պարզապես նախնական ցուցումներ տալ համակարգին՝ երբ եւ որ ջերմաստիճանի կամ խոնավության դեպքում ձեզ ծանուցում ուղարկի։ Օրինակ՝ հնարավոր է երեխաները համակարգչի մոտ շատ են նստել ու չեն զգացել, որ պատուհանները բացելու եւ սենյակն օդափոխելու կարիք է առաջացել։ Այս դեպքում ծնողները ծանուցում են ստանում այդ մասին, զանգահարում ու հիշեցնում են, որ արդեն պատուհանները բացելու ժամանակն է։ Այս համակարգը կարևոր է հատկապես այն դեպքում, երբ չեք ցանկանում ավելորդ գումար ծախսել բնակարանի ջեռուցման համար։ Նախնական ցուցում եք տալիս, որ բնակարանում որոշակի ջերմաստիճանի դեպքում ծանուցում ստանաք։ Այն ստանալուց հետո միայն, երբ վստահ եք, որ ձեր նախատեսածից ավելի ցածր է ջերմաստիճանը, հեռակա կարգավորում եք այն։

Հաջորդ կարևոր գործառույթը անվտանգության ապահովումն է։ Տեսախցիկը զգում է ցանկացած շարժում կամ փոփոխություն շրջակա միջավայրում ու սկսում նկարել՝ այդ մասին տեղեկացնելով ձեզ։ Կարևոր մի փաստ. Moon-ը նկարում է փոփոխության կատարումից, օրինակ 30 կամ 60 վայրկյան առաջ։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը մտնի ձեր բնակարան ու միանգամից վերցնի տեսախցիկը, հավանական է, որ նրա դեմքը չեք տեսնի, բայց Moon-ը իր հիշողության մեջ է պահում այն կադրերը, որոնք հնարավոր է ստանալ նախքան դրան մոտենալը՝ նույնիսկ, երբ այդ պահին ակտիվ չէ։ Տեսախցիկը կարող է միշտ ակտիվ լինել, բայց մարտկոցը խնայելու համար հնարավոր է միացնել sleep ռեժիմը՝ վստահ լինելով, որ ցանկացած փոփոխության դեպքում այն ինքնուրույն կակտիվանա և ձեզ կտեղեկացնի այդ մասին։ Կարևոր է նշել նաև, որ տեսախցիկը հստակ է նկարում նաև թույլ լուսավորված սենյակում։ Այն, որ տեսախցիկը օդում է և կարող է 360 աստիճան անաղմուկ պտտվել, թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել՝ ինչ է կատարվում տանը։ Դրա միջոցով հնարավոր է հետևել երեխաներին, տնային կենդանիներին ու վստահ լինել, որ ամեն ինչ կարգին է։

Moon-ի մեջ կա վերլուծող համակարգ, որը թույլ է տալիս տարբերակել ձայները, ու դրանց մասին տեղեկացնել բնակարանի տերերին։ Օրինակ՝ եթե երեխան տանը մենակ է, ու ապակին կոտրում են կամ կոտրում է, ապա այն միանգամից տեղեկացնում է, որ ապակի է կոտրվել։ Հնարավոր է նախապես տալ որոշակի ցուցումները կամ դրանք ընտրել արդեն իսկ եղած ամենակարևոր ցուցումների ցանկից։ Օրինակ՝ եթե շունը հաչում է որոշակի կոնկրետ ժամերի, ապա դա դիտարկել որպես անսովոր ու տարօրինակ պահվածք և այդ մասին ծանուցել։

«Բացի այն, որ տեսախցիկը սիրուն տեսք ունի օդում եւ լիցքավորվում է անլար սկզբունքով, աշխատում է նաև այն դեպքում, երբ առանց իր տակդիրի տեղափոխում ես մեկ այլ տեղ կամ կպցնում մի բանի վրա, որը մագնիսական ձգողություն ունի։ Տեղեկություն ստանալու համար սարքին միևնույն ժամանակ կարող են միանալ տարբեր օգտագործողներ՝ մայրը, հայրը, երեխան։ Հնարավոր է նաև տեսախցիկի միջոցով մի քանի սարք միաժամանակ կառավարել։ Ապահովված է անվտանգությունը. հնարավոր չէ, որ ինչ-որ մեկն իր հեռախոսով միանա ու ստանա ձեր տեղեկությունը։ Ունենք համապատասխան մասնագետներ, որոնք ամբողջովին լուծում են այդ խնդիրը։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը կարողանա կոտրել համակարգը, միևնույն է ոչինչ չի տեսնի»,-ասում է Սերգոն։

Ամբողջությամբ՝ hetq.am