«Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Դիտավան համայնքում հիմնարկեքի արարողությամբ ազդարարեց մարզահամալիրի կառուցման մեկնարկը: Արարողությանը ներկա էր ծրագրի հովանավոր արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանը դստեր հետ:
Ժամանակակից կառույցում (504քմ մակերեսով) կանցկացվեն մարզական միջոցառումներ եւ պարապմունքներ, նախադպրոցական տարիքի երեխաների համար էլ կգործեն ուսումնական խմբակներ: Արտակարգ իրավիճակների դեպքում շենքի նկուղային հարկը սահմանամերձ գյուղի բնակչների համար կծառայի որպես ռմբապաստարան:
«Մեր աչքի առջեւ շենացող այս գյուղն իր ենթակառուցվածքային հագեցվածությամբ լավագույններից է ոչ միայն մարզում, այլ հանրապետությունում եւ այս գործում անգնահատելի է Էքսերճիէանների ներդրումը: Ուրախ ենք, որ տիկին Նատիան շարունակում է ամուսնու՝ լուսահոգի Արմէն Էքսերճիէանի բարի գործը՝ Դիտավանը դարձնելով օրինակելի ու կայուն զարգացող համայնք»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Էքսերճիէան ընտանիքի շուրջ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներով 2007թ.-ից Հիմնադրամի կողմից իրականացված իրարահաջորդ ծրագրերի շնորհիվ՝ 412 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց եւ համայնքային կենտրոն: Բարերար ընտանիքը նաեւ աջակցում է համայնքի նորաստեղծ եւ նորածին ունեցող ընտանիքներին, մասնակցում գյուղատնտեսական զարգացման ձեռնարկներին:
Որպես երախտագիտություն՝ Դիտավանի դպրոցը, կենտրոնական փողոցն ու հրապարակն անվանակոչվել են ի պատիվ Էքսերճիէանների, ովքեր նաեւ Դիտավանի պատվավոր քաղաքացիներ են: