Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնը: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երևանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ընթակառուցվածքներով և նախատեսված գործառույթներով:
Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը:
Հանրապետական կուսակցության ավագանու ընտրությունների համար բացված կայքում Արթուր Պետրոսյանի կենսագրականում բացակայում է նրա բիզնես գործունեության մասին հատվածները: Պարզապես գրված է, որ Պետրոսյանը սովորել է Երևան քաղաքի 179 միջնակարգ դպրոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), ապա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀԿ անդամ է և ակտիվ հասարակական գործիչ:
Փորձեցինք քաղաքապետարանից պարզել, թե Սաֆարյան 14 հասցեում տեղակայված մոլի տարածքն արդյո՞ք պատկանել է Երևանի քաղաքապետարանին, եթե այո, ապա` երբ և ում է վաճառվել նույն հասցեում գործող Նոր Նորքի շուկան, որի տեղում «Էյ Ընդ Փի Գրուպ»-ը «Մեգա Մոլ Մասիվ» առևտրի կենտրոնն է կառուցել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Սաֆարյան 14 հասցեում գրանցված հողակտորի սեփականատիրոջ և (կամ) սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող ենք դիմել անշարժ գույքի հաշվառող լիազոր մարմին` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: «Նոր Նորքի նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն: Հաշվի առնելով, որ նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն, դրա վաճառքի գումարի վերաբերյալ տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանում առկա չէ»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:
Թեև, շուկան չի պատկանել Երևան համայնքին, բայց դրա հարակից տարածքները համայնքի սեփականությունն են եղել, և երկար չարչարվել պետք չեղավ, որպեսզի պարզենք, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչպես է միանձնյա որոշում կայացրել այդ տարածքները մաս-մաս «Էյ Ընդ Փի Գրուպ»-ին վաճառելու մասին:
2014 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ` Տարոն Մարգարյանը լիազորել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին «Էյ Ընդ Փի Գրուպ»-ի հետ համաձայնագիր կնքել` շուկային հարող տարածքներից մեկը վաճառելու վերաբերյալ՝ նշված ընկերության տարածքի ընդլայնման նպատակով: Հատկանշական է, որ վաճառված 66 քառակուսի մետր տարածքը գնահատվել է կադաստրային արժեքով՝ ընդամենը 459 հազար դրամով:
2014 թվականի հուլիսի 18-ին էլ Տարոն Մարգարյանը որոշել է Գայի պողոտայի 14/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կրպակի զբաղեցրած՝ 7.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 50 հազար 112 ՀՀ դրամ:
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ քաղաքապետարանն ամենամեծ գործարքը կնքել է 2016 թվականի հունվարի 21-ի՝ Տարոն Մարգարյանի որոշման հիմքով: Գայի պողոտայի 14/1 հասցեում, «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից 1172.98 քմ մակերեսով տարածքը ուղղակի վաճառքի միջոցով քաղաքապետարանն օտարել է ընկերությանը` կադաստրային արժեքով, որը կազմում է 8 միլիոն 163 հազար դրամ:
Արթուր Պետրոսյանը կամ «Էյ Ընդ Փի Գրուպ»-ն «Մեգա Մոլ Մասիվ» առևտրի կենտրոնի հսկայական տարածքի համար վճարում է փոքրիկ գումար: Քաղաքապետարանից մեր մյուս հարցին ի պատասխան հայտնել են, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան 14 հասցեում գտնվող՝ դեռևս շինարարական աշխատանքները չավարտված, առևտրի կենտրոնի համար վճարվում է 1 միլիոն 397 հազար ՀՀ դրամ գույքահարկ: Նշենք, որ առևտրի կենտրոնը կառուցման փուլում հասցեավորվել է Սաֆարյան 14 հասցեի վրա, այլ ոչ թե Գայի Պողոտա 14 կամ 15 (Սաֆարյան փողոցն ու Գայի պողոտան հատվում են, իսկ մոլը կառուցվել է հատման մասում):
Արթուր Պետրոսյանը ժամանակին եղել է նաև «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության փոխտնօրենը: Ախուրյանի շաքարի գործարանը Սամվել Ալեքսանյանին պատկանող անթիվ բիզնեսներից մեկն է: «Հետք» էլեկտրոնային պարբերականը դեռևս 2013 թվականին գրել էր, որ Արթուր Պետրոսյանին պատկանող հողամասերից 4-ը, ինչպես նաև 2 բնակարան և 2 ավտոկայանատեղին գտնվում են Հյուսիսային պողոտայում: Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարաններից մեկի մակերեսը 140 քմ է, իսկ այդ վայրում մեկ քառակուսի մետր անշարժ գույքի շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից: Նա ունի նաև «ԳԱԶ 33021-212» և «Ռենջ-Ռովեր Սպորտ V-8» մակնիշի 2 ավտոմեքենա: 2013 թվականի ապրիլի 3-ի դրությամբ` Արթուր Պետրոսյանի հաշվին եղել է 350 միլիոն դրամ, 3 միլիոն 500 հազար դոլար և 1 միլիոն 400 հազար եվրո: