Instagram-ում լուսանկա՞ր եք հրապարակել, ցանկանում եք ջնջե՞լ այն, բայց միևնույն ժամանակ ափսոսո՞ւմ եք։ Lifehacker.ru-ն գրում է, որ Instagram-ը գտել է ելքը. սոցիալական ցանցը թեստավորում է նոր գործառույթ, որը ստացել է «Արխիվ» անվանումը։ Այս գործառույթը հնարավորություն կտա օգտատերերից թաքցնել հրապարակումները՝ առանց դրանք ջնջելու, իսկ ցանկության դեպքում ցանկացած պահի կարող եք վերականգնել այդ հրապարակումները։
Հրապարակումն արխիվացնելու համար հարկավոր է լուսանկարի աջ հատվածում ընտրել «Archive» («Արխիվացնել») կոճակը։ Instagram-ում կարծում են, որ նոր գործառույթն անձնական տարածք կստեղծի՝ հին հրապարակումները տեսնելու համար։ Դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան կոմպոզիցիաներ ստեղծել մի քանի լուսանկարից կամ պարզապես ջնջել այն, ինչ այդ պահին չեն ցանկանում տեսնել իրենց էջին։
Նմանատիպ հնարավորություն ունի Snapchat-ը, որտեղ կարող եք պահպանել նույնիսկ չհրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը