«Այսօր մեր հյուրանոցը 56 արտասահմանցի հյուր ունի, և անհամբեր սպասում ենք ջրին». «Միրհավ» հյուրանոցի տնօրենի ահազանգը. hetq.am
Advertisement 1000 x 90

«Այսօր մեր հյուրանոցը 56 արտասահմանցի հյուր ունի, և անհամբեր սպասում ենք ջրին». «Միրհավ» հյուրանոցի տնօրենի ահազանգը. hetq.am

«Հետք»-ն ահազանգ է ստացել Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրեն Շահեն Զեյթունցյանից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի «Հետք»-ի խմբագրություն

Հայաստանը, հատկապես Գորիս քաղաքը, իրենք իրենց հայտարարել են զբոսաշրջության զարգացման կենտրոն, ավելի ճիշտ` հավակնում են տուրիզմով զարգացնել տարածաշրջանը:

Ինչպես գիտեք, «Միրհավ» հյուրանոցն արդեն 12 տարի գործում է Գորիս քաղաքում և շոշափելի ներդրում ունի զբոսաշրջությունն այս տարածքում զարգացնելու գործում: Սակայն ամեն տարի, ժամացույցի ճշգրտությամբ, ամառային ամիսներին (հատկապես անձրևասակավ օրերին) քաղաքի ջուրը ժամերով, երբեմն էլ օրերով անջատվում է, և Գորիսի բնակչությունն ու, հատկապես, հյուրանոցները մնում են առանց ջրի, տագնապի մեջ, թե արդյոք, հաջորդ ժամերին կամ օրերին ջուր կունենա՞ն: Ոչ մի զգուշացում, հիշեցում, պատճառաբանություն չի ներկայացվում անջատումներից առաջ:

Այսօր՝ հունիս 12-ին, մեր հյուրանոցը 56 արտասահմանցի հյուր ունի և անհամբեր սպասում ենք ջրին: Իհարկե, ունենք ջրի 8+2 տոնանոց պահեստային տարան, սակայն այդ քանակի ջուրը, այն էլ ամառային շոգ ամիսներին հազիվ է բավարարում մեկ օրվա սպառումը`մաքրություն, լվացք, լոգարան-զուգարաններ, էլ չեմ խոսում այգու ոռոգումը:

Վարչապետի թեժ գծին ահազանգելով` հույս ունեի որևէ բան իմանալ անջատումների մասին: Սակայն հարգարժան տիկինը հեռախոսով հայտնեց, որ ինքը ոչ մի լծակ չունի հարցը կարգավորելու և խորհուրդ տվեց զանգել քաղաքապետարան կամ մարզպետարան: Իմ առարկությանը, որ այս հարցով նախկինում հաճախ եմ զանգել քաղաքապետին, սակայն անարդյունք, նա խորհուրդ տվեց զանգել բոլորին, եթե հարցին լուծում չտան` իրենց նամակ գրեմ: Հիշեցրեցի, որ մեզ այսօր է ջուր հարկավոր, ոչ թե մի քանի օր հետո:

Այս անգամ էլ նրա խորհրդով զանգեցի Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին: Նա ասաց, որ ինքը ոչ մի լծակ չունի, ջրով զբաղվում է «Ջրմուղ-կոյուղի» հիմնարկը, նաև հիշեցրեց, որ նախկինում էլ իմ բողոքներին նույն պատասխանն է տվել:

Իսկ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ ամեն տարի նույն ամիսներին են պատահում վթարները, կամ երբևիցե աշնան ու գարնան ամիսներին մնան դեպքեր չենք գրանցվում: Պատասխանեց, որ ինքը որպես նախկին «Ջրմուղ-կոյուղու» ղեկավար դա պատահական է համարում ու բացատրություն չունի և խորհուրդ տվեց զանգել վերոհիշյալ հիմնակ:

Առավոտից պարբերաբար զանգում եմ «Ջրմուղ-կոյուղու» գրասենյակ 0284 20030 հետախոսահամարով, առավոտյան անընդմեջ զբաղված էր, իսկ հետո՝ մինչև ժամը 15:00-ն, ոչ ոք չէր պատասխանում զանգերիս:

Ինչպես նշեցի, մենք 12 տարի է առնչվում ենք այս անհաղթահարելի թվացող և կենսական նշանակություն ունեցող դժվարության հետ, սակայն ամեն անգամ մի կերպ հաղթահարելով բարդությունը, ինչպես ասում են` «յոլա» ենք գնացել: Այս նամակը չէի գրի, եթե չլինեին Գորիսում հաճախ շրջանառվող ասեկոսեները, թե ինչ-որ «իշխանիկներ», որոնք Սիսիանի «յաները» կաղամբի և այլ բուսամշակման տարածքներ ունեն, ամառային ջրասակավ ամիսներին ու օրերին ջուրը մղում են իրենց տարածքները ջրելու կամ էլ իրենց ջրավազանները պահեստավորելու համար: Այս հանգամանքն, ի դեպ, պրն Ադունցը բացառում է, սակայն հուշում է, որ եթե իսկապես այդ կասկածը կա, «թող գնան ու ստուգեն»:

Ինքնին հասկանալի է, որ ես անձամբ ոչ մի լծակ չեմ կարող ունենալ՝ պարզելու այս առեղծվածը, իսկ որևէ բացատրություն «Ջրմուղ-կոյուղուց», թե ինչու են վթարներն այդքան հաճախ պատահում, և ինչու միայն ամռան ամիսներին, չեմ ստացել: Պատասխանը միշտ նույնն է` վթար է ու վերջ:

Ենթադրելով, որ դուք, որպես հեղինակավոր լրատվամիջոց, ունեք համապատասխան միջոցներ ու լծակներ բացահայտելու Գորիսի ջրամատակարարման առեղծվածը, կամ փարատելու այդ չարամտաբար շրջանառության մեջ դրված ասեկոսեները, դիմում եմ ձեզ` օգնելու Գորիսի բնակչությանն ազատվելու անջրությունից»:

hetq.am