Հայ հասարակության արժեքային ճգնաժամը
Advertisement 1000 x 90

Հայ հասարակության արժեքային ճգնաժամը

Վերջին ժամանակներս տարբեր փորձագետներ և հասարակական գործիչներ սկսել են ավելի հաճախ քննարկել արժեքների հիմնահարցը Հայաստանում: Ես կարծում եմ, որ այդ քննարկումները չափազանց կարևոր են, քանզի հենց արժեքներն են ընկած յուրաքանչյուր ազգի և պետության զարգացման հիմքում:

Սկսած այն պահից, երբ ինձ հնարավորություն ընձեռվեց ծառայել իմ ազգի շահերին՝ որպես վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, ես փորձել եմ հասկանալ և վերլուծել մեր քաղաքացիների կյանքը կանխորոշող արժեքային կողմնորոշումները: Իհարկե, Հայաստանում ապրում են տարբեր մարդիկ՝ տարբեր քաղաքական հայացքներով և պատկերացումներով: Սակայն մեծամասնությունը, ըստ իս,  համախմբված է՝ իրեն պետությանն ու իշխանություններին հակադրելու հիմքով : Ես չեմ ժխտի, որ մեր երկրում առկա են տնտեսական և քաղաքական բնույթի խնդիրներ: Անիմաստ կլիներ նաև անտեսել այն փաստը, որ սխալներ նույնպես արվում են: Բայց միթե՞ աշխարհում ինչ-որ վայրում հնարավոր է գտնել իդեալական քաղաքականություն և քաղաքական գործիչներ: Հիմնվելով իմ փորձի վրա՝ պետք է նշեմ, որ մարդիկ տարբեր երկրներում, այդ թվում ՝ ամենազարգացած, միշտ դժգոհ են իրենց իշխանություններից: Հայաստանում նույնպես ընթանում է կոշտ և ուղղակի հակադրություն, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ:

Երբ խոսում ենք բացառապես քաղաքականության մասին և մեր արժեքային մատրիցան կառուցում ենք այդ հիմքով, դադարում ենք նկատել հիմնարար խնդիրները: Ես չեմ հավակնում ապացուցել իմ դատողությունների ճշմարտացիությունը, այլ ցանկանում եմ ներկայացնել այդ հարցերի շուրջ իմ պատկերացումները և ձևակերպել որոշ առաջարկություններ:

Առաջին խնդիրը մեր հոգևոր ճգնաժամն է: Մենք դադարել ենք միմյանց հավատալ, դադարել ենք միմյանց լսել, և ամենագլխավորը՝ դադարել ենք միմյանց հասկանալ և ընդունել: Կարող է արդյո՞ք հասարակությունը զարգանալ այդպիսի անտագոնիզմի պայմաններում: Ես համոզված եմ, որ  ոչ: Մարդկանց միջև վստահությունը այն արժեքային հիմքն է, որը թույլ է տալիս ազգերին և պետություններին առաջ ընթանալ, զարգանալ տնտեսապես և քաղաքականապես: Մենք կասկածանքով ենք վերաբերում ոչ միայն նրան, ինչ պետությունն է անում, այլ նաև այն ամենին, ինչը մեզ շրջապատում է մեր առօրյա կյանքում: Լավ, ենթադրենք՝ քաղաքական գործիչներն ունեն հասարակությանը խաբելու նպատակ: Բայց այդ պարագայում ինչպե՞ս բացատրել այն, թե ինչու՞ ենք մենք նույն կերպ վարվում միմյանց նկատմամբ ամեն օր, ամեն ժամ: Ո՞վ է պատասխանատվություն կրում դրա համար: Մեզանից յուրաքանչյուրը: Սակայն մենք չենք ցանկանում դա ընդունել:

Երկրորդ խնդիրը հոգեբանական է (ես այն անվանում եմ «ճգնաժամ գլուխներում»): Մեզանում ինձ համար անհասկանալի ինչ-որ հակվածություն կա դեպի օտարը, և հակակրանք այն ամենի նկատմամբ, ինչը մերն է: Շատերը երազում են լքել Հայաստանը, որպեսզի ավելի լավ կյանք գտնեն դրսում: Բայց իրականում նրանց մեծ մասը նոր երկրներում ցածր աշխատավարձով որպես մատուցող կամ բանվոր է աշխատում՝ փորձելով ծայրը ծայրին հասցնել: Բայց ինչու՞ մենք չենք ուզում նույն աշխատանքը կատարել մեր Հայրենիքում: Միթե՞ իսպանական կամ ֆրանսիական սրճարանում մատուցող աշխատելն ավելի պատվաբեր է, քան հայկական սրճարանում աշխատելը: Մենք նույն վարքագիծն ենք դրսևորում նաև մյուս հարցերում՝ մենք կարող ենք ենթարկվել ամերիկյան կամ գերմանական ղեկավարությանը և օրերով աշխատել նրա համար, ինչը չէինք անի, եթե մեր ղեկավարները հայեր լինեին: Այս  թեման շատ բարդ է, փիլիսոփայական: Եվ շատ ժամանակ ու աշխատանք կպահանջվի այդ հոգեբանական խնդիրները բացահայտելու և դրանց դեմ հակաթույն գտնելու համար: Ցավոք, դեռևս չի հաջողվում այդ թույնը դուրս հանել մեր օրգանիզմից, և այն դանդաղ սպանում է մեզ և մեր ապագան:

Երրորդ խնդիրը օտարածին տարրերի ազդեցությունն է: Ինձ համար՝ որպես հայ պահպանողականի, առաջնայինը ազգային շահերն են, որոնք հիմնված են մեր պատմա-մշակութային ժառանգության վրա: Որո՞նք են այդ շահերը: Նախ և առաջ՝ անհրաժեշտ է պահպանել, ամրապնդել և քարոզել հայկական ընտանիքի պաշտամունքը: Որպես հայ պահպանողական՝ ես հանդես եմ գալիս այն բոլոր շարժումների և նախաձեռնությունների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում ընտանիքի ինստիտուտին: Հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ հայկական մշակույթից հեռու գտնվող մարդիկ փորձում են կործանարար գաղափարներ տարածել մեր հասարակության մեջ:

Կցանկանայի նշել, որ ես ժողովրդավարական գործընթացների զարգացման և մարդու իրավունքների առաջնայնության մեծ կողմնակից եմ: Սակայն մեր պարագայում արտաքին գործակալները ժողովրդավարության անվան ներքո փորձում են տարածել քաոսի և ամենաթողության գաղափարներ:

Խոսելով հնարավոր լուծումների մասին` կցանկանայի կանգ առնել հետևյալ կարևոր կետերի վրա: Նախ՝ մեզանից յուրաքանչյուրը իրեն և իր մոտեցումները փոխելու համար առավելագույն ջանքեր պետք է ներդնի: Մենք մեր բացասական մտածողության գերին ենք, և այդ կապանքներից ազատվելու բանալին միայն մեր ձեռքում է:

Երկրորդ՝ անհրաժեշտ է համարժեք և պրագմատիկ կերպով ընդունել օտար ժառանգությունը և հպարտանալ մերով՝ չնվաստացնելով այն մեծ հարստությունը, որ մեր նախնիներն են ստեղծել: Մենք պետք է փայփայենք մեր պետական խորհրդանիշերը, մեր նախնիների սովորույթները, պահպանենք դրանք և փոխանցենք ապագա սերունդներին: Մինչև մենք դա չգիտակցենք, չենք կարողանա առաջ ընթանալ: Չնայած այդ առանձնահատկութուններին, մեր հասարակությունը մեծ ներուժ ունի, որը բացահայտելու համար պետք է ինքներս մեզ վրա հետևողականորեն աշխատենք և կառուցենք առողջ, գործընկերային հարաբերություններ հասարակության և պետության միջև՝ վստահության և փոխադարձ հարգանքի ոգով:

Մհեր Տերտերյան

b4b.am