Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պատճառով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Մուշ թաղամասի բնակիչները հայտնվել են շրջափակման մեջ: Թեև NEWS.am-ի թղթակիցը տվյալ թաղամաս բնակիչների ահազանգով էր գնացել, սակայն, բնակիչները խուսափեցին իրենց բողոքները ներկայացնել տեսախցիկի առջև, կամ ներկայանալ՝ ասելով. «Ալեքսանյանը տեսնի, ընդհանրապես չի թողնելու, որ էդ կողմով անցնենք-դառնանք: Մենք ինչի՞ տեր ենք, որ իր դեմ խոսենք, ինքն նենց թիկունք ունի…»:
Բնակիչները նշեցին, որ պատգամավորը փակել է Մուշից դեպի Արարատյան զանգված տանող կարճ ճանապարհը և իրենք ստիպված են երկար ճանապարհ անցնել՝ թաղամասից դուրս գալու համար:
«Էս թաղամասը Ալեքսանյանները սեփականաշնորհել են, ինչ ուզում, դա էլ անում են: Հիմա էլ իր տնից դեպի Մուշ թաղամաս եկող ճանապարհը փոքր դարպասներով փակել է, որտեղ ոչ ոտքով, ոչ էլ մեքենայով չենք կարողանում անցնել: Բան էլ չենք կարողանում ասել, մարդը սաղ տարածքը սեփականաշնորհել ա, ում ինչ կարանք ասենք: Առաջ փակում էր, երբ միջոցառումներ էր ունենում իր տանը, որ տարածքը չկեղտոտենք իբր, հիմա էլ աղջկա հարսանիքից հետո փակեց ու այդպես էլ մինչև հիմա չի բացել: Եթե պետք է լինում, որ արագ «Աստղիկ» հիվանդանոց հասնենք, չենք կարողանում, բոլոր ձևերով փակ ա»,-ասաց բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Մուշի բնակիչներից շատերը նաև նշեցին, որ գրեթե մեկ ամիս փակ է Գագարինի փողոցը, որտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվել և իրենք գրեթե մեկ ամսից ավելի ստիպված են եղել շրջափակման մեջ ապրել. «Կոլոդեց էին քաշում, էդ փողոցում, և էդ մասից էր փակ փողոցը և Ալեքսանյանի տան կողմից, հայտնվել էինք բլոկադայի մեջ, մենակ մի երկար ճանապարհ էր մնացել էստեղից դուրս գալու համար, որը միայն մեքենայի ճանապարհ է: Հիմա ոնց որ արդեն վերջացրել են էդ վերանորոգումը, արդեն քչից-շատից կարողանում ենք օգտվել էդ փողոցից»: