Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Պուծինն իրեն հատուկ ցինիկ ոճով համեմատեց FBI նախկին տնօրեն Ջեյմզ Քոմիին լրտես Էդվարդ Սնոուդենի հետ և հեգնանքով առաջարկեց նրան քաղաքական ապաստան Ռուսաստանում, ինչպես ժամանակին վարվեց նույն Սնուուդենի դեպքում, ստանալով վերջինից բազմաթիվ «արտահոսող» գաղտնի տեղեկություններ, որոնք էլ օգտագործում է ԱՄՆ-ի դեմ:
Պուծինը անմեղ տեսքով հարցնում է՝ իսկ ինչո՞վ է դավաճան Սնոուդենից տարբերվում Քոմին, ով սղագրում է իր խոսակցությունը Թրամփի հետ և հետո հրապարակում է դա: Հենց այստեղ է ողջ պերճանքով երևում Պուծինի թշվառությունը՝ ռուս բռնապետը պարզապես չի հասկանում արևմտյան ժողովրդավարության գլխավոր սկզբունքը՝ հավատարմություն օրենքին, այլ ոչ թե անձին:
Պուծինի կարծիքով, նախագահի ապօրինությունը բացահայտող պետծառայողը դավաճան է, քանի որ չի ենթարկվում իր անմիջական ղեկավարին: Իսկ այն, որ պետծառայողը ենթարկվում է և պաշտպանում է երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, անգամ նախագահին չենթարկվելու և իր պաշտոնը կորցնելու գնով՝ դա Պուծինի մտքով չի էլ անցնում: Հենց սա է տարբերությունը բռնապետության և ժողովրդավարության, ստի ու ճշմարտության, հանցանքի և օրենքի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև»: