Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Տրդատ Կիրակոսյանը իր վարած Chrisler մակնիշի 34 QC 567 համարանիշի ավտոմեքենայով Լոռու մարզի արդեն հանրահայտ դարձած Ախթալայի կամրջի մոտ բախվել է Ախթալայի բնակիչ՝ 64-ամյա Սեյրան Սարգսյանի վարած անձնական օգտագործման KAВЗ մակնիշի 38 UՏ 721 համարանիշի մարդատար ավտոբուսին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Chrisler-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։ Վթարի հետևանքով Chrisler-ի 2 ուղևորուհիներ մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը։ Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Ամբողջությամբ՝ shamshyan.com