Երևանի Ֆիրդուսու հատվածում շինարարական տեսանելի աշխատանքները կլինեն արդեն աշնանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Ֆիրդուսու հատվածը կազմում է մոտ 5 հա։ Այստեղ արդեն իրացված է տարածքի 72 տոկոսն ու շարունակվում են աշխատանքները։ Այս հատվածում նախատեսվում է կառուցել ճառագայթող երեք փողոց, որոնք միավորվելու են ու ձևավորելու շրջանաձև հրապարակ։ Երևանի հին նախագծերում սա կոչվում էր Հարավային պողոտա», – ասաց Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կառուցապատման այս ծրագրի արժեքը կազմելու է մոտ 300 մլն դոլար։
Ինչ վերաբերում է Ֆիրդուսու առևտրային հատվածին, Նարեկ Սարգսյանի խոսքով, հարցի կարգավորումը չի վերաբերում քաղաքաշինությանը։
«Ես չեմ ազդում նրա վրա, որ մարդկանց հանենք այնտեղից ու սկսենք շինարարություն։ Ֆիրդուսու ծրագիրը մեկնարկել է մոտ 3 տարի առաջ և իրենց ոչինչ չեն արել, տրվել է ժամանակ։ Վստահ եմ՝ Ֆիրդուսու առևտրային հատվածում հարցը կլուծվի առանց ցնցումների», – ասաց Ն. Սարգսյանը։