Ահաբեկչության հերոսականացման նոր զոհերը. asekose.am
Advertisement 1000 x 90

Ահաբեկչության հերոսականացման նոր զոհերը. asekose.am

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրում, որի մասին Ոստիկանությունը կարծես թե լռում է: Մի երիտասարդ թակել է Ոստիկանության Արմավիրի բաժնի դուռը (2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանական բոլոր բաժանմունքների դռները փակ են, դրանք բացվում են հերթապահ ոստիկանի կողմից, երբ ոստիկանական բաժին ինչ որ մեկը ներս է մտնում կամ դուրս գալիս): Ոչինչ չկասկածող ոստիկանության աշխատակիցը բացել է դուռը և ենթարկվել դուռը թակողի հարձակմանը: Հարձակվողը դանակահարել է ոստիկանին, երևի նպատակ ունենալով սպանել նրան, և միայն վրա հասած ոստիկաններին է հաջողվել վնասազերծել հարձակվողին:

Արմավիրում շրջանառվող խոսակցությունների համաձայն` հարձակվողն իր զոհին չի ճանաչել, նրա հետ անձնական խնդիրներ և թշնամանք չի ունեցել: Նա ընդամենն իր ընկերներին խոստացել է, որ կսպանի որևէ ոստիկանի և որոշել է կատարել հրապարակային տրված խոստումը:

Բոլորը, ովքեր տեղյակ են այս դեպքից, միաբերան դատապարտում են ոստիկանի վրա կատարված հարձակումը: Անկեղծորեն զարմանում են, թե ինչպես կարող է մարդն անառիթ ու առանց որևէ պատճառի հարձակվել մեկ ուրիշի վրա: Հարձակվել մեկի վրա, ում չի ճանաչում, բայց ով հաստատ ունի ընտանիք,հայր մայր, գուցե նաև կին և երեխաներ:

Շատերը հարցնում են, թե ինչը ստիպեց մի երիտասարդի դանակահարել մեկ ուրիշի՝ հասկանալով, որ դրանով ինքը կործանում է ոչ միայն իր չճանաչած ոստիկանին, այլ նաև իրեն: Հարձակվողը չէր կարող չհասկանալ, որ իրեն հաստատ կալանավորելու էին ու դատապարտելու էին սպանության փորձի կամ կանխամտածված սպանության մեղադրանքով, բավական մեծ պատժաչափով:

Ուրեմն կամ մի ավելի մեծ ուժ, որը ստիպել է երիտասարդ մարդուն գնալ նման քայլի, և դա հերոսանալու մղումն է, որովհետև Հայաստանում ոստիկանի վրա հարձակվելը, ոստիկանին սպանելը, գնդակահարելը դարձել է հերոսություն: Ամեն օր ու գրեթե մեկ տարի անընդհատ մենք ականատեսն ենք ՊՊԾ գունդը գրաված և երեք ոստիկանների սպանած խմբի հերոսացմանը: 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված ահաբեկչական խմբի անդամները սպանեցին ոստիկանության երեք աշխատակիցների: Նրանք ևս համոզված էին, որ ոստիկանության աշխատակից սպանելը հերոսություն է: Հերոսություն է, քանի որ իրենք պայքարում են իշխանության դեմ, իսկ ոստիկանությունը այդ իշխանության պահապանն է, նրա ամենահուսալի հենարանը, առանց ոստիկանության ռեժիմն ուղղակի կփլվի: Ստացվում է՝ որքան շատ ոստիկան ես սպանում, այնքան ավելի հաջող է ռեժիմի դեմ պայքարը, այնքան թույլ է իշխանության հենարանը:

ՊՊԾ գունդը գրավածները բանտում են, բայց նրանց գործն անմահ է: Հայաստանում այսօր էլ կան մարդիկ, և քաղաքական ուժեր, որոնք հրապարակային և բացահայտ հերոսացնում են ՊՊԾ գունդը գրավողներին՝ նրանց ներկայացնելով որպես ընդդիմադիրներ, ազգի փրկիչներ և ոչ որպես մարդասպաններ: Այդ քարոզիչներին որևէ մեկը չի մեղադրում ահաբեկչության քարոզչության մեջ, երևի մտածելով, որ դա կդիտվի մարդու իրավունքների խախտում, խոսքի ազատության իրավունքի սահմանափակում: Չնայած համոզված եմ, որ ամենաժողովրդավարական երկրում անգամ ոստիկանի սպանության և պետական հաստատությունները զենքով գրավելու հեղինակների հերոսացումը կդիտվեր որպես ահաբեկչության քարոզչություն: Եվ քանի դեռ այդ քարոզչությունը շարունակվում է, մենք ականատեսն ենք լինելու նման հարձակումների ու այդ քարոզչության ուղղակի և անուղակի զոհերի թվի ավելացմանը: Դրանից ռեժիմը հաստատ չի տուժի, ինչպես չտուժեց հուլիսի 17-ին, բայց ինչ որ մարդիկ կզոհվեն կամ կհայտնվեն մեկուսարաններում: Քարոզիչներին այդ մարդկանց ճակատագիրը ամենևին չի հուզում, նրանք պայքարում են ռեժիմի դեմ՝ իրականում իրենց գործունեությամբ աջակցելով այդ նույն իշխանությանը:

Որովհետև որքան շատ են հերոսացնում Սասնա Ծռերին, այնքան ավելի շատ մոտիվացնում ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմինների աշխատակիցներին պաշտպանել գործող իշխանությունը. սրանք որ հանկարծ իշխանության եկան, կարող են գնդակահարել բոլորին:

Ավետիս Բաբաջանյան

asekose.am