Սյունե Սևադա. Հայր իմ
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. Հայր իմ

Մի օր գլուխը բարձրացրեց վերև ու ինչ-որ բան խնդրելու փոխարեն մտածեց. տեսնես  Աստված սուրճը դա՞ռն է խմում:

***

Հայր իմ: Հայր: Իմ: Որ երկնքում ես: Պարգևիր ինձ սուրճը դողացող ձեռքերով չխմելու երջանկությունը:  Քո անունը թող սուրբ լինի: Ինչպես ես եմ ներքուստ սրբացնում այն մարդկանց, ովքեր իմ դողացող ձեռքերին նայում են այնպես, կարծես հենց իրենք են տարօրինակ, քանի որ  առանց ձեռք դողացնելու են սրճում:  Ովքեր ամեն օր ինձ հրավիրում են այստեղ ու այնտեղ՝ հստակ իմանալով, որ չեմ գնալու: Ովքեր ինձ չեն փոխարինում, չեն մեղադրում: Ովքեր ինձ համար նարինջներ են գնում:

Քո թագավորությունը թող գա: Թող գա ու հրավիրի ինձ զբոսնելու: Ու երբ Քո թագավորության հետ քայլեմ, չվախենամ ընկնելուց: Թող ցույց տամ այն ծառը, որտեղ երազել եմ սիրելիիս հետ համբուրվել: Թող քայլենք կամրջի վրայով ու մեր մատները վառելով տաք կարկանդակներ ուտենք:

Քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Ու թող Քո կամքը լինի նաև իմ կամքի կոփումը: Ես էլ եմ փոքր աստված, ուղղակի փոքրատառով: Ես էլ ունեմ կերպարներ, որոնց կյանքը տնօրինում եմ, որոնց ճակատագրերը գծում ու խաչում եմ, գումարում ու հանում, բազմապատկում ու բաժանում՝ մաթեմատիկան ատելով հանդերձ: Հրավիրիր ինձ փոքրաստվածության բարելավման թրեյնինգների ու կոփիր իմ կամքը, կրկին սովորեցրու ինձ զգալ, սիրել ու չվախենալ: Օգնիր ինձ սիրել իմ վախը: Ու թրեյնինգի վերջում ինձ բլոկնոտ ու գրիչ նվիրիր, որ ես էլի գրեմ: Որ ես անընդհատ գրեմ:

Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ու թույլ տուր ինձ  կուլ տալ առանց վախի, թե, միգուցե, վերջին անգամ եմ ընթրում: Թող նորից սովորեմ գույներն ու համերը, թող սիրահարվել մարդկանց մարմինների հոտին ու տեսնել, որ մեկը թաց հողի ու վանիլի խառնուրդ է, մյուսը հասկերի ու կանաչ գույնի, երրորդը՝ տապակած մսի ու լավանդայի համադրություն է: Թող շնչեմ մարդկանց:

Եվ մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաններին: Քանի որ ես չեմ ապտակի այն ձեռքով, որով օգնել եմ՝ չնայած հենց այդ ափի մեջ թքել են, իսկ եթե պարզած ձեռքիդ  մեջ թքում են, պիտի ապտակես: Ես էլ երբեք չեմ վերադառնա ափիս մեջ թքողների մոտ, ես կպարզեմ ձեռքս միայն նրանց, ովքեր այն բռնում են: Ես կգնամ ու կներեմ: Ազատիր ինձ վախից, ու ես ոչ թե կապտակեմ, այլ կգնամ թատրոն: Ու կծափահարեմ դերասանին: Ժպտալով: Որովհետև դերասանը հաղթեց բեմին, իսկ ես՝ ինձ:  Հետո ես կկանգնեմ  հրապարակի կենտրոնում ու աչքերով բռնվելու տեղ փնտրելու փոխարեն կերգեմ՝ տեղումս պտտվելով: Թույլ տուր ինձ նոր կոշիկներս ցույց տալ հրապարակում քայլող մարդկանց ու թիթիզանալ: Թույլ տուր ինձ թիթիզանալ, ու ես չեմ պատմի քեզ՝ ներկայացումն ինչպես ավարտվեց, որպեսզի ինքդ գնաս ու վայելես: Թույլ տուր թիթիզանամ, ու քեզ համար քաղցր բամբակ կգնեմ:

Ու մեզ փորձության մի տանի, այլ փրկիր մեզ չարից: Ես կանգնում եմ հայելու առաջ ու փորձում ինձ համբուրել: Բայց չի ստացվում: Ու ես թքում եմ հայելու վրա: Ես մերկ չեմ քնում, քանի որ ատում եմ իմ մարմինը: Ես չեմ սիրում ինձ: Ես եմ չարը: Ես եմ վատը: Փրկիր ինձ ինձնից: Պատասխանիր. դու սիրում ես ինձ, չէ՞: Կրկնիր: Եվս մեկ անգամ: Գոռա, որ սիրում ես ինձ, ու եթե Քո ձայնը կտրվի, խոստանում եմ քեզ կոնյակով թեյ տալ, որպեսզի արագ ապաքինվես: Աղաչում եմ Քեզ հրամայելու պես՝ սիրիր ինձ: Քանի որ  Քոնն է թագավորությունը, զորությունն ու փառքը հավիտյանս հավիտենից: Հանիր ինձ ցեխի միջից, ու ես կլվամ Քո կեղտոտված հագուստը: Ձեռքերով: Դատապարտիր ինձ երջանկության:

Ու պատասխանիր ինձ. սուրճը դա՞ռն ես խմում: Ես քեզ սրճելու եմ հրավիրում: Արի, ու ինձ սպիտակ շոկոլադ բեր: Ամենահամեղ կտորը քեզ կտամ: Առաջինը դու կկծես:

Բայց արի: Ես անզոր եմ: Խնդրում եմ:



Նման նյութեր