Առաջին և երկրորդ կայազորային քննչական բաժիններում քրեական գործեր են հարուցվել՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության, մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություններ կատարելու դեպքերի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
16.06.2017թ.՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության տեղամասի ուղղությամբ արձակված արկերի պայթյուններից առաջացած բեկորներից մահացու բեկորային վիրավորումներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով։
17.06.2017թ.՝ ժամը 09:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ: