ՏՏ ոլորտի համաշխարհային ընկերությունների հետ համաքայլ առաջ շարժվող PicsArt ընկերության հավելվածները ներգրավում են ավելի ու ավելի մեծ թվով օգտատերերի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ընկերություն եւ ծանոթացել թե աշխատակազմի հետ, թե այն հնարավորություններին, որոնք առաջարկում է ընկերությունը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ ընկերության համահիմնադիրների հետ միասին Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, որտեղ նրան ներկայացվել են վերջին տարիներին իրականացված զարգացման ծրագրերը:
Վահան Մարտիրոսյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՏՏ ոլորտը երկրի գերակա ուղղություններից է, այդ իսկ պատճառով Նախագահն անձամբ այցելելու ցանկություն է հայտնել:
«Այսօրվա այցի ընթացքում հանագործակցության ծրագրեր չեն քննարկվել, սակայն նախարարության ներսում միշտ քննարկում ենք տարբեր ծրագրեր, ՏՏ ոլորտի ընկերություններն էլ մասնակցում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը տեղեկացրեց, որ աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման հավելվածն ամսական ունենում է 90 մլն օգտատեր:
«Պատրաստում ենք հավելվածներ հեռախոսների համար: Այժմ ընկերությունն ունի 350 աշխատակից, մինչդեռ հիմնադրման հենց սկզբում նրանք մոտ 10-ն էին: Ընկերությունը ոլորտում առաջատարն է. իհարկե ունենք այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են, օրինակ, Adobe Photoshop ծրագիրը, որը մեծամասամբ օգտագործվում է համակարգիչների վրա, բայց հեռախոսների վրա՝ ոչ այդքան, եւ այս առումով զիջում է մեզ: 5 տարվա ընթացքում 400 մլն օգտատեր ենք ունեցել, եւ կարող եմ ասել, որ ընկերության հաջողությունը մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է գրանցվել: Ունեցել ենք նաեւ անհաջողություններ, սակայն մեր ստեղծագործ աշխատողների, ինժեներների, մենեջերների շնորհիվ կարողացել ենք հասնել սրան՝ չմտածելով, որ նման հաջողություն կարող ենք ունենալ: Սա իմ առաջին ընկերությունը չէ, որ ունեցել է հաջողություն: Այն պարզապես մի հնարավորություն է Հայաստանը ներկացնելու ՏՏ ոլորտում որպես առաջատար երկիր: Մեր հաջողության բանալին այն է, որ ճիշտ ուղղություն վերցրինք եւ համբերատար եղանք»,-ասաց ընկերության գործադիր տնօրենը, ով նաեւ տեղեկացրեց, որ համագործակցում են բուհերի հետ՝ կազմակերպելով մի շարք դասընթացներ:
Հենց տեղում ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արուսյակ Կանեցյանը ցուցադրեց, թե ինչպես կարելի է նկարները զանազան փոփոխությունների ենթարկել՝ օգտագործելով հավելվածի առաջարկած 3000 գործիքները:
Ժաննա Պետրոսյանը 2 տարի է՝ աշխատում է PicsArt ընկերությունում որպես Որակի ապահովման գծով օգնական՝ հնարավորինս փորձելով նվազեցնել հավելվածի օգտագործման ճանապարհին առաջացող խնդիրները եւ նպաստել որակի բարձրացմանը:
«Այնպես ենք անում, որ օգտատերը հնարավորինս արդյունավետ եւ անսխալ օգտվի հավելվածից, յուրաքանչյուր փոփոխություն կատարելու դեպքում չունենա անհարմարություն»,-ասաց նա:
Ընկերության աշխատակցի կարծիքով՝ PicsArt-ը մեծ հնարավորություններ է տալիս այն օգտատերերին, ովքեր ցանկանում են յուրօրինակ, արտիստիկ նկարներ ստանալ, օգնում է ամենահամարձակ երեւակայությունը վերածել նկարի նրանց, ովքեր միգուցե իրականում այդքան էլ լավ չեն նկարում:
«Ես իմ հետագա գործունեությունը դեռ այստեղ եմ պատկերացնում, անելիքներ ունեմ, քանի որ ընկերությունը աճի հնարավորություն է տալիս»,-ընդգծեց նա:
PicsArt ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին ԱՄՆ-ում: Ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում եւ Երեւանում:
Նախագահը նաեւ ներկա է գտնվել Երեւանում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում եւ ունի ավելի քան 500 գործընկեր: Նախագահը նաեւ այցելել է ընկերության գրասենյակի հարեւանությամբ գտնվող ընկերության հիմնանորոգվող 32-րդ մասնաշենք, որը նախատեսված է ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար: