Հնգյակի ողջ մնացած աղջիկները՝ Աննան և Ռոզան, շարունակում են քաշ հավաքել: Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ փոքրիկ Աննան, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, արդեն 1200 գրամ է կշռում, իսկ նրա քույր Ռոզան, որին խնամում են Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԻ-ում, կշռում է մոտ 1400 գրամ:
Առայժմ հայտնի չէ, թե աղջիկներին երբ դուրս կգրեն. նրանք նախ պետք է լիովին ամրանան և ավելի շատ քաշ հավաքեն:
Կարապետյանների ընտանիքն արդեն ստացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի խոստացած բնակարանը: Ավելին՝ որոշ ընկերություններ ընտանիքին կենցաղային տեխնիկա, համակարգիչ և պլանշետ են նվիրել: Եվս մեկ ընկերություն խոստացել է մանկական մահճակալներ նվիրել:
Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին անգամ հնգյակ՝ 4 աղջիկ և մեկ տղա է ծնվել մայիսի 3-ին, «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 և 880 գրամ:
Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի երեխաներից մեկը՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկը մահացել է. մահվան պատճառը ուղեղում արյան զեղումն էր: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: Տղան, որը նույնպես գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում, մահացել է մայիսի 14-ին: