«Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվեց առաջին «Արցախ Էյր Ֆեստը» (Artshakh Air Fest):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան Ստեփանակերտի օդանավակայանից կատարել զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով: Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն իր խոսքում նշեց. «Այս փառատոնով Արցախը ներկայանում է արկածային տուրիզմի նոր հնարավորություններով: Ինչպես նաև մենք նպատակ ունենք բարձրացնել մեր թեթև ավիացիայի ներուժի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը։ Նման միջոցառումների շնորհիվ զարգանում է նաև իրադարձային զբոսաշրջությունը Արցախում, ինչը խթանում է երկիր զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը»։
Խոսելով «Արցախ Էյր Ֆեստի» մասին՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը այն միանշանակ համարում է կայացած՝ տեսնելով թե´հյուրերի, թե´ արցախցիների ոգևորությունը: Տիգրան Չիբուխչյանը նշեց նաև, որ փառատոնն ունեցել է սպասվածից ավելի մեծ թվով մասնակիցներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից:
Անդրադառնալով «Արցախ Էյր Ֆեստի» նպատակներին՝ Տիգրան Չիբուխչյանը հավելեց. «Սրանք «Յելլ Էքսթրիմ Պարկի»՝ Արցախում գործունեության առաջին քայլերն են և վստահ ենք՝ դրանք շարունակական են լինելու և ավելի են ընդլայնվելու: Ունենք բազմաթիվ գաղափարներ, որոնք դեռ քննարկման փուլում են: Իսկ այս և նմանատիպ այլ նախաձեռնությունների իրականացման միջոցով ցանկանում ենք ներկայացնել և օգտագործել Արցախի զբոսաշրջային, թեթև ավիացիայի և հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացման ներուժը: Մեր նպատակն է ցույց տալ, որ Արցախում կյանքը ակտիվ է՝ ավելին եռում է: Դրա վկայությունն է Արցախի ժողովրդի գրկաբաց ընդունելությունը»:
Փառատոնին ներկա էին պետական կառույցների, մշակույթի և արվեստի ոլորտի, բիզնեսի և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ Հայաստանից և տարբեր երկրներից:
«Արցախ Էյր Ֆեստի» մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին Շուշվա բենդը, «Նեմրա» ռոք խումբն ու «Puzzle’s 5 peaces» խմբի տղաները: