Հնդկական ծագմամբ ավստրալացի ճարտարագետն Իրանից մինչեւ Մեծ Բրիտանիա է հասել փոքր ավտմեքենայով, որն աշխատում է արեւամարտկոցներով: Այս մասին հաղորդել է Indiatimes պորտալը:
Նավին Ռաբելին յոթ ամիս է ծախսել ճանապարհորդության վրա՝ այդ ժամանակամիջոցում հաղթահարելով շուրջ 10 հազար կիլոմետր:
Նա իր ուղին սկսել է փետրվարին, երբ իր փոխադրամիջոցը ծովով հասցրել են Իրան:
Դրանից հետո ճարտարագետն անցել է Թուրքիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի տարածքով՝ ճանապարհորդությունն ավարտելով Միացյալ Թագավորությունում: Փարիզի մերձակայքում Ռաբելիից գողացել են անձնագիրն ու դրամապանակը, բայց նա, այնուամենայնիվ, կարողացել է շարունակել ուղեւորությունը:
Ռաբելին պատմել է, որ վճռել է ճանապարհորդություն կատարել, որպեսզի ուշադրություն հրավիրի էլեկտրական մարտկոցներով եւ արեւամարտկոցներով աշխատող ավտոմեքենաների լայն հնարավորությունների վրա: