Երևանի Իսակովի պողոտայում հունիսի 22-ին, ժամը 07։50-ի սահմաններում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ականատեսներն ասել են, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին: Աղբյուրը նշում է, որ Mercedes-ի ղեկին լինելու մեջ կասկածվում է հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը։
Ավելի ուշ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը խոստովանել է, որ ավտոմեքենան վարել է ինքը և ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ /խմած/ վիճակում։
Խմածության աստիճանը գերազանցում է 1.2 տոկոսը։
Հիշեցնենք՝ Ժորա Հովհաննիսյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է 2003 թվականին՝ Երևանի «Փյունիկում»: Այնուհետև, 4 տարի նա խաղացել է հունական տարբեր թիմերում: 2012 թվականից հանդես է եկել Տաշքենդի «Լոկոմոտիվում»: Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է «Պախտակորը», որտեղ հանդես է եկել 2013/14 թվականներին: Հովհաննիսյանը եղել է նաև Հայաստանի Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 20 հանդիպում: