Գյումրիում հունիսի 25-ին կրակոցներ են հնչել:
Քաղաքի բժշկական կենտրոն հունիսի 25-ի երեկոյան` ժամը 23:15-ի սահմաններում, տեղափոխվել է 1987 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը: Վերջինիս մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք որովայնի շրջանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, տուժածը վիրահատվել է և նրա վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Հիվանդի վիճակը համապատասխանում է կատարված վիրահատությանը: Ինչպես տեղեկացրեցին բժշկական կենտրոնից, տուժածը կենտրոն է տեղափոխվել ինքնուրույն:
Ըստ որոշ տեղեկությունների` դեպքը տեղի է ունեցել Ռիժկովի ճեմափողոցում: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ օրենսգրքի՝34, 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, մանրամասները, մասնակիցների, ականատես-վկաների շրջանակը պարզելու ուղղությամբ։