2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի պատկերով գունանկար է պատկերվել իրենց թաղամասի բարձրահարկ շենքից մեկի վրա: Նախաձեռնության հեղինակը Տիգրանի եղբայրն է՝ Ժոռա Աբգարյանը: Վերջինս armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ ընտրել է Տիրգրանի այն նկարը, որում արտացոլված է նրա ամբողջ ուժը:
Լուսանկարը պատահական վայրում չի պատկերվել, այն գտնվում է Գյումրու հայտնի «10 հարկեր» կոչվող տարածքում գտնվող բնակելի շենքերից մեկի ճակատային հատվածում, որտեղ մինչ 88-ի երկրաշարժ միայն 10 հարկանի բնակելի շենքեր են եղել:
Տիգրանը ծառայության է մեկնել 2014 թվականին: Արժանացել է լավագույն տանկիստ կրծքանշանի:
«Տիգրանի մարտական ընկերները պատմում են, որ պատերազմի ժամանակ Տիգրանս մի բան է ասել ու վազել տանկի հետևից: Ասել է՝ մենակ չասեն, որ տանկը դանդաղ քշեմ: Ջեբրայիլ գնալուց նրա տանկը փչանում է, հրամանատարի տանկն է վերցնում և կարողանում է 40 րոպեում մարտական առաջադրանք կատարել: Նա անցնում է սահմանը, նույնիսկ տակով հակառակորդի դրոշի վրայով է անցնում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Ժոռա Աբգարյանը:
Տիգրանն ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 3-ին: Նա ծառայել է Ֆիզուլիում, այդ օրը պատրաստվել են մարտի՝ Ջեբրայիլում, բայց չի ասել այդ մասին: Կարծես հրաժեշտ է տվել ընտանիքի բոլոր անդամներին, հարազատներին, բայց բնավորության համաձայն ուրախ ձայնով: