Հանրապետության որսահանդակներում ու ջրային ավազաններում որսագողության ու ձկնագողության դեպքերի ահագնացած չափերն սպառնում են որոշ տեսակների իսպառ վերացմանը: Ամենուր, հատկապես գետերում ու լճերում ձկնորսական ցանցերով, էլեկտրահարման եղանակով և «էկրաններով» ապօրինի ձկնորսությունը սովորական պատկեր է դարձել, իսկ «հաջողության ջենթլմեննները» ոչ միայն մնում են անպատիժ, այլև առավել ամբարտավան կեցվածք են բռնում:
Ակտիվիստները հունիսի 26-ին կրկին ահազանգել են լճի տարածքում ապօրինի ձկնորսության մասին, սակայն այս անգամ բնապահպանական տեսչության աշխատակիցները բավական օպերատիվ են արձագանքել: Կարճ ժամանակ անց տարածք է ժամանել տեսչության Երևանի տարածքային բաժնի պետի տեղակալ Թովմաս Թադևոսյանը և ոստիկանության աշխատակիցներ:
Ականատեսների վկայությամբ՝ գործողությունները հոլիվուդյան թրիլեր էին հիշեցնում: Կռահելով վերահաս վտանգը՝ ձկնագողերը հապշտապ փորձել են հեռանալ դեպքի վայրից և թաքցնել ապօրինի որսը: Ճիշտ է, ժամանած տեսուչը և ոստիկանները չեն հասցրել բռնել ձկնագողերին, սակայն որսացած ձուկն ու ձկնորսական ցանցերը հայտնաբերել են լճափի շինություններից մեկում: Ակտիվիստներն ու օրինապահները երկու արկղ ձուկը վերադարձրել են լիճ, իսկ ցանցերը (3 հատ) առգրավվել են: Թովմաս Թադևոսյանը խոստացել է իր գործողությունների և ակտիվիստների կողմից կատարված լուսանկարների հիման վրա վարույթ սկսել: Չի բացառվում, որ համապատասխան վարույթ կսկսվի նաև ոստիկանությունում:
Հուսով ենք, որ Երևանյան լճի «ծովահենների» պատմությունը դաս կլինի «սուր զգացողությունների» բոլոր սիրահարների համար:
Ամբողջությամբ՝ vesti.am