
Երևանում և հանրապետության մյուս խոշոր քաղաքներում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հայաստանի բոլոր ապաստարաները կառուցվել են սառը պատերազմի գաղափարախոսության տարիներին: Համատեղ ոչնչացման, կենսաբանական զենքի տեսանկյունից, ռազմաքաղաքական իրավիճակը փոփոխվել է: Երևանում և խոշոր քաղաքներում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում, վերանորոգվում: Գիտեք, այդ հարցում մետրոպոլիտենն էլ իր խնդիրը կատարում է»,- ընդգծել է նախարարը:
Նախարարի խոսքով, առաջնահերթությունները սահմանամերձ գոտիներում անվտանգ սենյակների և շինությունների կառուցումն է: «Ամբողջ ֆինանսական ներդրումները գնալու են այդ ուղղությամբ: Խորհրդային միությունում ստեղծվածների կողքին ենթակառուցվածքներ ենք կառուցում»,- նշել է Տոնոյանը:
armenpress.am