Երևանի Բուսաբանական այգում հուլիսի 1-ին երեխաների համար կազմակերպվեց Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը։ Միջոցառումը կազմակերպեցին Երևանի քաղաքապետարանը և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը։
Վազքին մասնակցեցին 3-14 տարեկան երեխաներ։
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանը նշեց, որ միջոցառման նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, մարդասիրության և հավասարության գաղափարները։
«Մրցավազքին մասնակցում են բոլոր երեխաները՝ անկախ նրանց ֆիզիկական, մտավոր և այլ խնդիրներից: Երեխաները փոքր տարիքից պետք է սովորեն հավասարությանը և կարողանան իրենց ներդրումը ունենալ խնդիրն ունեցող երեխաներին օգնելու համար»,- ասաց Մանուկյանը:
Միջոցառման արդյունքում հանգանակված ամբողջ գումարը կհատկացվի մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ Երևանում նման մրցավազքեր հաճախ են կազմակերպվել, սակայն ոչ երեխաների մասնակցությամբ:
«Երևանի քաղաքապետարանը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ միասին առաջին անգամ կազմակերպում է նման մրցավազք, որը շարունակական բնույթ է կրելու: Յուրաքանչյուր երեխա, անկախ իր առողջական և սոցիալական վիճակից, պետք է իրեն զգա մեր հասարակության լիարժեք անդամ»,- ընդգծեց Ռուբեն Հովհաննիսյանը:
armenpress.am