Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ՝ Ամալյա Գրիգորյանն ու Վառվառա Գևորգյանը իրենց մյուս հարազատների հետ միասին հայտնվել են անհասկանալի իրադրության մեջ:
Բանն այն է, որ նրանցից մեկի հոր ու մոր, իսկ մյուսի՝ ամուսնու հոր ու մոր գերեզմանի կողքին, որը գտնվում է Աբովյան քաղաքի նոր գերեզմանատանը, սույն թվականի ապրիլ ամսվա վերջին հայտնվել է մի գերեզման հիշեցնող հողաթումբ, որի տակ, ըստ գերեզմանատան պահակի և տնօրենի, մարդ է թաղված, իսկ թե ո՞վ է այդ մարդը, կամ նրա հարազատները, ինչո՞ւ է հենց այդտեղ թաղված, դա էլ հենց տարակուսանքի, մտածելու և անհանգստանալու տեղիք է տալիս կանանց:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Պապիկը մահացել է 2006 թվականին, իսկ տատիկը՝ 2011 թվականին: Այստեղ հուղարկավորել ենք, հաճախակի այցի ենք գալիս, բայց այն, ինչ տեսանք ապրիլի վերջին կատարած այցի ժամանակ՝ անբացատրելի է: Զատիկից երկու օր առաջ իմ որդին եկել է՝ մաքրել գերեզմանը և ոչ մի արտառոց բան չի եղել, Սուրբ Զատիկին մենք ենք եկել, կրկին ոչ մի բան չի եղել:
Ապրիլի 28-ին եղբայրս է եկել գերեզման և նկատել, որ մեկ այլ մարդու են թաղել ծնողների մոտ: Նույն օրը դիմեցինք պահակին, նա ասեց, որ հնարավոր չի, որից հետո իրեն բերեցինք այստեղ, ցույց տվեցինք ու հիմա էլ ասաց, որ 200 հոգանոց թաղում է եղել, փոսն ինքն է փորել, իսկ իրենց ասել են, որ թաղում են իրենց տատիկի ու պապիկի մոտ: Դրանից հետո դիմեցինք քաղաքապետարան, ոստիկանություն, բայց մինչև հիմա դեռ ոչինչ պարզ չէ: Գերեզանատան տնօրենն էլ ասում է՝ միգուցե սա ձեր հարազատների գերեզմանոցը չէ, կամ թաղվածն իսկապես ձեր հարազատն է:
Ես ունեմ իմ մոտ նկարահանած թաղման արարողությունը ու այնտեղ պարզ երևում է, որտեղ ենք բերում մեր ծնողներին թաղում, իսկ որ այդ հարևանությամբ թաղված անհայտ անձը մեզ բարեկամ չէ, դրանում վստահ եմ: Մենք վախենում ենք՝ մեկին սպանած լինեն, բերած էստեղ թաղած լինեն, կամ այլ բան լինի հողաթմբի տակ թաքցրած: Մենք խնդրում ենք, որ այս գործը բացահայտվի, թող գերեզմանը քանդեն, տեսնեն՝ ո՞վ է այդտեղ թաղված, ո՞վ է թաղել, ինչո՞ւ հենց մեր ծնողների մոտ ու տեղափոխեն, այլ տեղ հուղարկավորեն»:
Ամբողջությամբ՝ SHAMSHYAN.com