Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է եղել պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը, որից հետո Ադրբեջանը հայտնեց իբր թե հայկական կողմի կրակի հետևանքով սպանված մանկահասակ երեխայի ու կնոջ մասին:
«Նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ մենք խաղաղ բնակչությանը ձեռք չենք տվել: Կերակրել ենք, առաջին բուժօգնություն ենք ցուցաբերել: Եվ, եթե Ադրբեջանն այդքան մտածում է իր խաղաղ բնակչության մասին, ապա ինչո՞ւ է իր ռազմաբազաները բնակավայրերում տեղադրում: Բնակիչների թիկունքից նախահարձակ է լինում, հիմա ինչքա՞ն կարելի է լռել: Մե՞նք ենք մեղավոր, որ Ադրբեջանն իր բնակչությանը կենդանի վահան է դարձնում: Բա ինչո՞ւ Ադրբեջանն անցած տարվա իր վայրագություններն էլ չի ցուցադրում՝ Թալիշում ծերերի սպանությունը, գերիների գլուխները կտրելն ու անդամահատելը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն էլ նկատեց.
«Հիմա, եթե կրակելիս բնակիչների մեջքի հետևում են կանգնում, ի՞նչ անենք, չկրակե՞նք: Ադրբեջանի բնակչությունն էլ պետք է քայլեր կատարի: Ունեցել ենք դեպք, երբ իրենց դիրքերից կրակել են, մենք ճնշել ենք, բնակիչները գերանդիներով բարձրացել են դիրք ու ծեծել դրանց»:
Լուսանկարը՝ Abbas Atilay