Հայաստանին կարո՞ղ է սպառնալ մոծակների կողմից փոխանցվող հիվանդությունների համաճարակը
Advertisement 1000 x 90

Հայաստանին կարո՞ղ է սպառնալ մոծակների կողմից փոխանցվող հիվանդությունների համաճարակը

Ներկայումս մոծակների փոխանցվող հիվանդությունները համարվում են գլոբալ խնդիր, որը վերաբերում է առանց բացառության բոլոր երկրներին: Հայաստանում, մասնավորապես, կա 4 ցեղի դասվող մոծակների 24 տեսակ, որոնք տեսականորեն կարող են փոխանցել մի քանիսը այն ինֆեկցիոն հիվանդություններից, որոնց հնարավոր համաճարակի մասին զգուշացրել է Բիլլ Գեյթսը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Ըստ նրա, երկրում տարածված են, օրինակ, կուլեքս ցեղի մոծակներ, որոնք փոխանցում են Արևմտյան Նեղոսի տենդը: Անցյալում համարվում էր, որ այս հիվանդությունը հիմնականում տարածված է արևադարձային և մերձարևադարձային տարածաշրջաններում, սակայն այսօր այն ավելի հաճախ է գրանցվում նաև ոչ արևադարձային երկրներում: Իսկ քանի որ վերջին շրջանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր են գրանցվել հարևան երկրներում, մենք զգոնությունը չպետք է կորցնենք, նշեց մասնագետը:

Լուսինե Պարոնյանի խոսքով` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Եվրոպական Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանում բնակվող տարածված մոծակներին` պարզելու համար Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի շրջանառության առկայությունը մեր երկրում: Հետազոտության արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ:

Իսկ առայժմ սահմանային անցման բոլոր կետերում դիտարկումներ են կատարվում`ջերմատեսադիտման սարքերի օգնությամբ, առանձնացվում են բարձր ջերմությամբ մարդիկ: Ցանկացած կասկածի դեպքում այս մարդկանց մեկուսացնում են և ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխում: 2015 թվականին, օրինակ, դեպք է պատահել, երբ օդանավակայանում մալարիայով հիվանդ մարդ է հայտնաբերվել: Նրան անմիջապես հոսպիտալացրել են, ինչը հիվանդին արդյունավետորեն բուժելու և երկրում հիվանդության տարածումը կանխելու հնարավորություն է տվել:

Ինչպես նշեց մասնագետը, Հայաստանում մալարիայով վարակվելու տեղական վերջին դեպքերը գրանցվել են 2005 թվականին: Դրանից հետո եղել են միայն, այսպես կոչված, «բերովի» դեպքեր, երբ այլ երկրում վարակված մարդը Հայաստան է ժամանել: Տեսականորեն, եթե նման մարդկանց չհայտնաբերեն և անմիջապես չհոսպիտալացնեն, նրանք կարող են հիվանդության տարածման աղբյուր լինել:

Ինչ վերաբերում է մլակների փոխանցած հիվանդություններին, Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է միայն լեյշմանիոզը: Երկրում այս հիվանդության ամենամեծ թվով դեպքերը (18) գրանցվել են 2015 թվականին:

Նշենք, որ կլիմայական պայմանների փոփոխություններով պայմանավորված մոծակների և մլակների պոպուլյացիաները ընդլայնում են իրենց բնակության արեալը`տարածելով ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց փոխանցողների դերում են հանդես գալիս: Վերջին տարիներին այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են մալարիան, դենգե տենդը, Չիկունգունիան, Զիկա տենդը, ավելի հաճախ են գրանցվում այն երկրներում, որտեղ նախկինում երբեք չեն հանդիպել:  Ստեղծված իրավիճակով մտահոգություն են հայտնում ե´ւ գիտնականները, ե´ւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի նման բարեգործները:

Վավերագրական նոր ֆիլմում, որը հուլիսի 6-ին կցուցադրվի Discovery Channel հեռուստաալիքով, նրանք պատմում են այն վտանգների մասին, որոնք կապված են մլակների և մոծակների կողմից փոխանցվող հիվանդությունների համաճարակի հետ. նրանց խոսքով` եթե ոչ մի բան չձեռնարկվի, Զիկա, դենգե տենդի, մալարիայի, չիկունգունյայի և Արևմտյան Նեղոսի տենդի նման հիվանդությունները կարող են խլել մոտ 10 մլն մարդու կյանք` ավելի շատ, քան գլոբալ պատերազմը:

med.news.am