Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) մտահոգված են հակաբիոտիկների նկատմամբ այն բակտերիաների կայունությամբ, որոնք գոնորեա են հարուցում: Սա մեծապես դժվարացնում է այս տարածված հիվանդության բուժումը, որը սեռական ճանապարհով է փոխանցվում, հայտնում է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը:
ԱՀԿ-ի վերարտադրողական առողջության դեպարտամենտից բժիշկ Թեոդորա Վիի խոսքով` փորձագետները Ճապոնիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում 3 դեպք են գրանցել, երբ բժիշկները բախվել են գոնորեայի անբուժելի ձևի հետ: «Միանգամայն հնարավոր է, որ այս տեղեկությունները սոսկ այսբերգի գագաթն են, քանի որ ախտորոշման համակարգերը և անբուժելի ինֆեկցիայի դեպքերի գրանցումը հաճախ բացակայում է եկամուտների ավելի ցածր մակարդակով երկրներում, որոնց էլ հենց հատուկ է գոնորեաի մեծ տարածվածությունը»,- ընդգծել է նա:
Գոնորեան կարող է ախտահարել սեռական օրգանները, ուղիղ աղին և կոկորդը, և հատկապես վերջին հանգամանքն է առանձնապես մտահոգում առողջապահության ոլորտի փորձագետներին: Վիի պարզաբանմամբ` հակաբիոտիկները կարող են նպաստել գոնորեայի առաջացմանը կոկորդի հետին պատին:
«Երբ կոկորդի բորբոքումները բուժելու համար հակաբիոտիկներ եք օգտագործում, դրանք ձեր կոկորդի մեջ միախառնվում են Neisseria gonorrhoea-ի հետ»,- ասել է բժիշկը: Նրա խոսքով` այս պրոցեսի հետևանքով ինֆեկցիայի դիմադրողականությունը մեծանում է:
Փորձագետները զգուշացնում են, որ օրալ սեքսի ժամանակ բարենպաստ միջավայրում հայտնված գոնորեայի բակտերիաները կարող են գերգոնորեաի հանգեցնել` ինֆեկցիայի ծանր ձևը, որը դժվար է բուժվում:
ԱՄՆ-ում բակտերիայի մեծ դիմադրողականություն է նկատվել մի տղամարդու մոտ, որը նույնասեռական սեքսով էր զբաղվում: Պատճառը նույնն է` ինֆեկցիա կոկորդում, հավելել է Վին:
Փորձագետների կարծիքով` քանի որ ՄԻԱՎ-ով վարակվելու վախը անկում է գրանցել, մարդիկ սկսել են պահպանակներից ավելի հազվադեպ օգտվել, և սա նպաստում է ինֆեկցիայի տարածմանը:
«Գոնորեա հարուցող բակտերիաները անչափ ճկուն են դարձել: Ամեն անգամ, երբ այս ինֆեկցիան բուժելու համար հակաբիոտիկների նոր դաս ենք օգտագործում, բակտերիաները ընտելանում են, նրանց մոտ դեղային կայունություն է առաջանում»,- հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Ամեն տարի 78 մլն մարդ վարակվում է գոնորեայով: Գոնորեան ախտահարում է սեռական օրգանների, ուղիղ աղիի և կոկորդի լորձաթաղանթը: Գոնորեայի բարդություններից անհամաչափ մեծ չափով կանայք են տառապում: Այդպիսի բարդություններից են կոնքի օրգանների բորբոքումը, արտարգանդային հղիությունը և անպտղությունը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակվելու մեծ հավանականությունը:
Փորձագետները մտահոգված են, որ գոնորեան, փաստորեն, չի արձագանքում հին և համեմատաբար էժան հակաբիոտիկներին:
Ներկայումս երկրների մեծ մասում ազդեցության մեծ սպեկտրով ցեֆալոսպորինները հակաբիոտիկների միակ խումբն են, որոնք դեռևս արդյունավետ են գոնորեան բուժելիս: Սակայն արդեն ավելի քան 50 երկրներում այս խմբի 2 հակաբիոտիկների` ցեֆիկսիմի և համեմատաբար հազվադեպ ցեֆտրիկսանոնի նկատմամբ կայունության դեպքեր են հայտնաբերվել: Այս կապակցությամբ ԱՀԿ-ը հրապարակել է 2016 թվականին թարմացված գլոբալ հրահանգները, որոնցում բժիշկներին առաջարկվում է 2 հակաբիոտիկ նշանակել` ցեֆտրիակսոն և ազիտրոմիցին:
Գոնորեայի դեմ դեղերի գիտական հետազոտությունները և մշակումները համեմատաբար ինտենսիվ չեն կատարվում: Այսօրվա դրությամբ կլինիկական մշակման տարբեր փուլերում են միայն 3 դեղեր` սոլիտրիմիցինը, որը վերջերս կլինիկական փորձարկումների 3-րդ փուլն է անցել, զոլիֆլոդացինը, որն անցել է փորձարկումների 2-րդ փուլը, և գեպոտիդացինը, որը նույնպես փորձարկումների 2-րդ փուլն է անցել: