Վարորդին օգնության են հասել երիտասարդները
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում 41-ամյա Հարություն Դանիելյանը իր վարած ЗИЛ MMЗ-554 M մակնիշի 76 ZZ 777 համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, ընկել է դիտահորի մեջ և մասամբ կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ЗИЛ-ը բարձված է եղել ավազով:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Գևորգ Սահակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդին առաջինը օգնության են հասել բնակիչները, հիմնականում՝ երիտասարդները՝ թաղամասում հայտնի «կողպեք բացող-փակող» Հովոյի գլխավորությամբ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի դեպքի վայր ժամանի ՃՈ տեսուչը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի