Հայաստանում մոտ մեկուկես տարի առաջ հիմնադրված «Ռումորս» ՍՊԸ-ն ներդրում է ստացել ամերիկացի անհատ ներդրողից:
Ընկերությունը հայկական շուկայում ներկայացնում է երկու ստարտափ՝ Rumors Monitoring-ը և Rumors Monitoring-ը:
Rumors Monitoring-ը լիովին ավտոմատացված հարթակ է, որը մոնիտորինգ է իրականացնում հայկական լրատվական կայքերում և վերլուծում ստացված արդյունքները: Ավելի քան մեկ տարի է, ինչ հարթակը գործում է հայկական շուկայում և ունի հաճախորդներ ամենատարբեր ոլորտներից:
Social Bridge-ը կամուրջ է սոցիալական ցանցերի օգտատերերի և սովորական կազմակերպությունների համար: Այն արագ և մատչելի գործիք է, որը հնարավորություն է տալիս տարածել ցանկացած տեղեկատվություն սոցիալական ցանցերում՝ նոր և այլընտրանքային եղանակով:
Ֆեյսբուքյան օգտատերերը, իրենց կարծիքը հայտնելով այս կամ այն հարցի, ծառայության կամ ապրանքի վերաբերյալ՝ գումար են վաստակում այս հարթակում։ Մյուս կողմից՝ այդ կարծիքներով հետաքրքրվող կազմակերպությունները ֆեյսբուքյան մոնիտորինգի արդյունքում բարելավում են իրենց ծառայությունների և ապրանքների որակը, ինչպես նաև՝ ամրապնդում իրենց դիրքերը շուկայում։
«Social Bridge-ի միջոցով հնարավոր է մոնիտորինգ իրականացնել նաև սոցցանցերում: Միլիոնավոր կազմակերպություններ իրենց բիզնես ռազմավարությունները բարելավելու համար փորձում են հետևել սոցցանցերում տիրող «աղմուկին»։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ է խոսում հասարակությունն իրենց մասին, և հնարավորինս շուտ ծանուցումներ ստանալ՝ բաց չթողնելով իրենց հետ առնչվող և ոչ մի խոսակցություն»,- նշում են ստարտափի հիմնադիրները:
Նորարարական հարթակում գրանցումը բաց է, այսինքն՝ մոնիտորինգ կարող են իրականացնել բոլոր կազմակերպությունները կամ անհատները: Ելնելով երկուստեք շահերից՝ ստարտափի հիմնադիրները չեն հրապարակում ո՛չ մոնիտորինգ իրականացնող ընկերությունների, և ո՛չ էլ Facebook-ի միջոցով գրանցված օգտատերերի ցուցակը:
«Ռումորս» ՍՊԸ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մուշեղ Գևորգյանը հայտարարել է, որ ներդրումն օգտագործվելու է երկու ստարտափները զարգացնելու և մրցունակ դարձնելու նպատակով:
Rumors Monitoring-ը ծրագրում է դուրս գալ միջազգային շուկա: Մուշեղ Գևորգյանը նշել է, որ թիրախում առաջինն Ուկրաինան է, և օգոստոսին պատրաստ կլինի հարթակի ուկրաինական տարբերակը:
Social Bridge-ը դեռ զարգացման նախնական փուլում է, և ներդրումը կօգտագործվի հարթակի հետագա կատարելագործման և միջազգային շուկա դուրսբերման նպատակով:
Սիրարփի Աղաբաբյան