Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքում երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն:
«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ: Մեր համաքաղաքացիներից ստացվող յուրաքանչյուր ահազանգին անմիջապես արձագանքեք ու ձեռնարկեք համապատասխան քայլեր: Կա հստակ որոշում, համաձայն որի ժամը 23:00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը: Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի խախտելու հասարակական կարգը և խաթարելու մեր համաքաղաքացիների անդորրն ու հանգիստը: Ըստ այդմ, խստացրե՛ք վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառեք կոշտ վարչարարություն: Տնտեսավորողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա մեր կողմից կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչև նրանց գործունեության կասեցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: