Slc6a15 գենի ակտիվության ցածր մակարդակը կարող է նվազեցնել սթրեսների նկատմամբ օրգանիզմի ընկալունակությունը, հայտնել են Հոգեբանական առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները: Սա իր հերթին մեծացնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը:
Նախորդ հետազոտություններով գիտնականները պարզել են, որ Slc6a15 գենն առավել հաճախ հանդիպում է նեյրոնների որոշակի տեսակներում, որոնք կազմում են, այսպես կոչված, գլխուղեղի կից կորիզը, որը պատասխանատու է պարգևատրման համակարգի, հաճույքի, ծիծաղի և նույնիսկ պլացեբոյի էֆեկտի առաջացման համար: Կից կորիզն աշխատում է 2 հիմնական նեյրոտրանսմիտերներով` սերոտոնինով և դոֆամինով, որոնք կարգավորում են երջանկության մակարդակը և սթրեսին հակազդեցության աստիճանը, սակայն նոր հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են միայն D2 նեյրոնները` կից կորիզում որոշակի խումբ, որը զգայուն է դոֆամինի նկատմամբ:
Փորձերն անցկացվել են որձ մկների վրա, որոնք սթրեսի և դեպրեսիայի են ենթարկվել: Հատուկ ուշադրություն է դարձվել Slc6a15 գենի ազդեցությանը սթրեսին նեյրոնի արձագանքման արագության վրա: Մկների մոտ, որոնք վատ են արձագանքել բացասական ազդեցություններին, ծայրահեղ իրավիճակներում գենի ակտիվության մակարդակը զգալիորեն ցածր է եղել, քան ստուգիչ խմբի մկների մոտ, ինչը նշանակում է, որ նվազել է նաև D2 նեյրոնների ակտիվությունը: Մկները, որոնց մոտ գենի ակտիվությունն արհեստականորեն է ճնշվել, նույնպես դադարել են սթրեսին համարժեք արձագանքել: Այն կենդանիները, ում Slc6a15 գենը մշտապես ակտիվ է եղել, շատ լավ են արձագանքել սթերսային ցանկացած գործոնին:
Հետազոտությունների երկրորդ փուլում գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց ուղեղը, որոնք ինքնասպանություն են գործել խորը դեպրեսիայի հետևանքով. ԱՀԿ տվյալներով` ամեն տարի աշխարհում ինքնասպանների թիվը հասնում է 800 հազար մարդու: Պարզվել է, որ այս մարդկանց մոտ D2 նեյրոններում Slc6a15 գենի ակտիվության մակարդակը ևս զգալիորեն ցածր է եղել, որը հաստատել է մկների վրա կատարված փորձերը:
Ի դեպ, չնայած այսպիսի մանրակրկիտ հետազոտությանը, մինչև հիմա ուղղակի և միանշանակ ապացույցներ չկան, որ Slc6a15 գենի էքսպրեսիան ազդում է սթրեսին դիմադրելու վրա: Ավելի շուտ, այս գենն իսկապես ազդում է նեյրոմեդիատորների հավասարակշռության վրա, սակայն վերջնական արդյունք ներկայացնելու համար, հետագա հետազոտություններ են անհրաժեշտ, որոնք միանշանակ կհաստատեն այս տեսությունը: Եթե այն հաստատվի, ապա գիտնականները կսկսեն դեղամիջոցների որոնումները, որոնք կկարողանան գենի աշխատանքն ակտիվացնել, որը կգործարկի D2 նեյրոնները, ինչը զգալիորեն կմեծացնի սթրեսների նկատմամբ կայունությունը և նույնիսկ կբուժի էնդոծին դեպրեսիայից, որն այսօրվա դրությամբ մեծահասակ բնակչության շրջանում հաշմանդամության առաջատար պատճառն է: