SoloLearn ստարտափը, որը ունի հայ-ամերիկյան ծագում, հաղթել է Facebook-ի FbStart մրցույթում՝ ստանալով 100 հազար դոլար մրցանակ:
SoloLearn ստարտափն ամենամեծ հարթակներից է, որի նպատակն է՝ սովորեցնել ծրագրավորում և ներկայացնել՝ ինչպես աշխատել կոդերի հետ:
Ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Քոչարյանը Techcrunch-ի հետ զրույցում նշել է, որ ստարտափը հիմնելիս իրենք նպատակ են ունեցել՝ հեշտ, արագ խաղային մեթոդով օգտատերերին կոդերի հետ աշխատել սովորեցնել:
«Ստարտափն առաջարկում է սովորել 12 անվճար դասընթացներ: Այդ թվում՝ JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS»,- նշում է Դավիթ Քոչարյանը:
Աղբյուրը, խոսելով ստարտափի մասին, նշում է, որ ստարտափի գաղափարն առաջացել է Հայաստանում, և այն Հայաստանում էլ գործում է:
Եվա Հյուսյանը, ով SoloLearn-ի գործադիր տնօրենն ու համահիմնադիրն է, նշում է, որ ստարտափն ունեցել է երկու հիմնական էտապները: Ըստ Եվա Հյուսյանի՝ առաջինն այն է, որ ստարտափը դարձել է մեծ ընկերասեր համայնք, որտեղ հանդիպում են ինքնուրույն սովորող միևնույն տարիքի մարդիկ: Եվա Հյուսյանի խոսքով՝ ստարտափի ֆորումներում հարցերը գտնում են իրենց պատասխանները րոպեների ընթացքում:
Մյուս կարևոր էտապը, ըստ Եվա Հյուսյանի՝ այն է, որ հավելվածում օգտատերերը կարող են ինքնուրույն մեծ քանակով կոնտենտ գեներացնել:
Աղբյուրը նշում է նաև ստարտափի հաջողությունները վերջին տարիներին: Հայ-ամերիկյան ստարտափն ունի արդեն 5 միլիոն օգտատեր, ստարտափի միջոցով ամեն օր լուծվում է 1.5 միլիոն խնդիր: Ստարտափում ամեն վայրկյանում 3 կոդ է գրվում, ինչպես նաև ամեն օր հրապարակվում է 1000 պատասխան:
Ստարտափն ամենաշատն օգտագործում են Հնդկաստանում՝ 40%: 25% օգտատերերն ԱՄՆ-ից են, իսկ մյուս մասը՝ Եվրոպայից:
Ստարտափը գործում է Android, iOS, Windows և web հարթակներում:
Սիրարփի Աղաբաբյան