Լրագրող Վարդուհի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսուհետ էլ ոչ մի դաշնակցական թող չխոսի արդարությունից ու բարոյականությունից, քանի դեռ չի դատապարտել ընկեր ՏԿԶ նախարար Լոքյանի այս հերոսական արարքը: Մարդը սեպտեմբերի 21-ի ազիզ օրով գնում է Սյունիք, որ վաստակավոր լրագրողի կոչում տա Լիսկայի անձնական օգտագործման գուսան, վաստակավոր դանոսչիկ ու կաշառակերության չեմպիոն Ալեքսանյան Սամվելին: Ամոթ է և նողկալի… Սյունիքը երկրի ողնաշարն է. մի նվաստացրեք Բարձրերի երկիրը, մի վիրավորեք լրագրողական համայնքի արժանապատվությունը…»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ մասնակցել է Կապան համայնքում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Անկախության տոնի առիթով Դավիթ Լոքյանը բարեմաղթանքի խոսք է հղել մարզի բնակչությանը և ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների ու պատվավոր կոչումների արժանացրել մի շարք սյունեցիների: Գորիսի հիմնական դպրոցի դասվար Ժասմին Խաչատրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Կապանի ԲԿ-ի ավագ մանկաբարձուհի Էլվիրա Օհանյանը` Մխիթար Հերացու մեդալով: Երախտագիտության մեդալներ են շնորհվել «Նորոգշին» ԲԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Փարսյանին և «Հակ-Ժոս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սպարտակ Հակոբյանին: «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն արժանացել է Վաստակավոր լրագրողի կոչմանը:
Դավիթ Լոքյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանին և Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանին պարգևատրել է ՀՀ ՏԿԶ նախարարության հուշամեդալներով: