Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարավարեւելյան թեւի բլրի վրա տարածված Օձաբերդ կամ Թեյշեբաինի ամրոցի տարածքում հուլիսի 15-ից վերսկսվել են պեղումները, որոնք ընթացել են նաեւ 2014-2016 ընթացքում, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում գտնվող, Ք․ա․ 1-ին հազարամյակի, Ք․ա․ 8-6-րդ դդ. թվագրվող հուշարձանի տարածքում հետախուզության եւ հնագիտական պեղումների աշխատանքներ է սկսել պատմական գիտությունների թեկնածու Միխաիլ Բադալյանի ղեկավարությամբ աշխատող հնագիտական արշավախումբը:
Պեղումներն իրականացվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով: «Նախատեսվում է պեղումներըշարունակել մինչեւ օգոստոսի 13-ը: Հուլիսի 19-ից պեղումներին միանալու են հնագետներ Ավստրալիայից, Ռուսաստանից, իսկ հուլիսի 22-ից հետո նաեւ` Իրանից: Պեղումներին միանալու ցանկություն են հայտնել նաեւ կամավորներ Հայաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից: Մինչեւ այժմ կատարվել են միայն նախապատրաստական աշխատանքներ, իսկ գտածոների մեջ հիմնականում խեցու բեկորներ են»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը:
Խոսրով Խլղաթյան