Փոքրիկ Ռոզիին՝ հնգյակի ողջ մնացած աղջիկներից մեկին, Երևան են բերել հերթական հետազոտման համար, որը կատարվում է բոլոր անհաս երեխաների դեպքում: Ինչպես NEWS.am Medicine-ին ասել է Առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, մասնագետները ստուգել են աղջկա տեսողությունը՝ համոզվելու համար, որ նրան չի սպառնում անհասների ռետինոպատիան, ինչպես նաև գնահատել են նրա ուղեղի զարգացումը:
Ակնաբույժներն աղջկա տեսողության ոչ մի շեղում չեն հայտնաբերել, իսկ ՈւՁՀ-ն ցույց է տվել, որ նրա ուղեղը նորմալ է զարգանում, և կիստաներ չկան, որոնք անհաս երեխաների մոտ երբեմն առաջանում են: Աղջիկը, որը ծնվելիս կշռում էր 800 գրամից մի փոքր ավելի, իսկ դուրս գրվելիս՝ 2150 գրամ, այսօր արդեն 2460 գրամ քաշ ունի:
Հնգյակի մայրը՝ Լուսինե Պողոսյանը խոստովանել է, որ ընտանիքի կյանքը նկատելիորեն փոխվել է հիվանդանոցից աղջկա դուրս գրվելուց հետո. հիմա ընտանիքի բոլոր անդամների օրվա կարգը կախված է փոքրիկ Ռոզիից, ում, ի դեպ, անվանակոչել են ի պատիվ տատիկներից մեկի: Աղջիկն ընդհանուր առմամբ հանգիստ է, չնայած դրան, երիտասարդ մայրիկին չի հաջողվում լիարժեք քնել. բավական է երեխան շարժվի, նա անմիջապես արթնանանում է համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է:
Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին անգամ հնգյակ՝ 4 աղջիկ և մեկ տղա է ծնվել մայիսի 3-ին, «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 և 880 գրամ:
Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի երեխաներից մեկը՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկը մահացել է. մահվան պատճառը ուղեղում արյան զեղումն էր: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: Տղան, որը նույնպես գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում, մահացել է մայիսի 14-ին:
68 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո փոքրիկ Ռոզան դուրս է գրվել որ և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից: Ողջ մնացած երկրորդ աղջիկը՝ Աննան, դեռևս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյանների ընտանիքին 4 սենյականոց բնակարան է նվիրել Մեծամորում: Հիմա բնակարանը վերանորոգում են, որպեսզի ընտանիքը կարողանա տեղափոխվել: Բացի այդ՝ մի շարք ընկերություններ ընտանիքին կենցաղային տեխնիկա են նվիրել: Եվս մեկ ընկերություն էլ խոստացել է մանկական մահճակալներ նվիրել: