Հայաստանում շատ մեծահարուստներ և բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են մշակութային արժեքների` մասնավորապես նկարների կոլեկցիաներ հավաքել: Շատերը հետաքրքրված են հատկապես Մարտիրոս Սարյանի նկարների ձեռքբերմամբ: Կոլեկցիոներների և գեղարվեստի գիտակների շրջանակում նույնիսկ պատմում են, որ Ռուսաստանի մեծահարուստ մի հայ, որը մոտ հարաբերություններ ունի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ, ընտրվելու կապակցությամբ նրան Մ. Սարյանի կտավներից մեկն է նվիրել, որն ազգությամբ հայ գործարարը գնել էր մոտ 1մլն դոլարով: Ուղիղ 1 տարի առաջ Լոնդոնում՝ հեղինակավոր «Sotheby’s» աճուրդում անհայտ գնորդը 388.800 ֆունտ (797.000 դոլար) է վճարել՝ Մարտիրոս Սարյանի այս նկարը ձեռք բերելու համար։ «Փողոցը՝ երեկոյան» կոչվող նկարն արվել է տեմպերայով՝ 34 x 47 սմ չափսի տախտակի վրա։
Ինչպես նշված է «Sotheby’s»-ի պաշտոնական կայքէջում, նկարը պատկանել է հայտնի կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի հավաքածուին։ Հիշեցնենք, որ Գ. Բասմաջյանը լավագույն կոլեկցիոներներից էր, որի կյանքը և գործն ընդհատվեց բոլորին անհայտ և խորհրդավոր ձևով: Մեր տեղեկություններով, «Փողոցը՝ երեկոյան» կոչվող նկարը վաճառողը եղել է Գարիկ Բասմաջյանի քույրը՝ Վարդուհի Բասմաջյանը, որը Գ. Բասմաջյանից հետո մի քանի տարի ղեկավարում էր Փարիզում գտնվող Բասմաջյան գալերեան։ Մի քանի տարի անց, սակայն, գալերեան փակվեց:
Մ. Սարյանի նկարների նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտորեն աճում է։ Սարյանի նկարներից մեկը՝ «Օազիս անապատում» (50×66սմ) «Sotheby’s»-ում վաճառվել է 300 հազար ֆունտով՝ այս տարվա հունիսին։ Այս աճուրդում մինչ այժմ վաճառվել է Սարյանի 15 նկար։ Իսկ ներկայումս վաճառվում են ևս երկուսը՝ «Հայկական բնաշխարհ» (մեկնարկային արժեքը գնահատված է՝ 40-60 հազար դոլար) և «Դվինի մատույցները» (մեկնարկային արժեքը՝ 100-140 հազար դոլար)։