Վարդավառի տոնին կանանց պետք է պաշտպանել ակտիվ ջրողներից. ոստիկանության արձագանքը. armtimes.com
Advertisement 1000 x 90

Վարդավառի տոնին կանանց պետք է պաշտպանել ակտիվ ջրողներից. ոստիկանության արձագանքը. armtimes.com

ՀՀ ոստիկանությունը չի պատրաստվում առաջիկա Վարդավառի տոնի ընթացքում վերանայել սովորական աշխատաոճը ու հերթապահության սկզբունքները:

Այս մասին պարզ դարձավ լրատվական ծառայությունից մեզ տրամադրված կարճ մեկնաբանությունից, երբ հետաքրքրվեցինք, թե ոստիկանությունն ինչպես է արձագանքում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության բաց նամակին, որն ուղղված է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ամեն տարի ամռանը Հայաստանում մեծ ցնծությամբ նշվում է Վարդավառի տոնը, որը հասարակության մեջ հայտնի է նաև «ջրոցի» անվամբ: Սակայն, ցավով պետք է նշենք, որ վերոնշյալ տոնի՝ իրար ջրելու արարողությունը շատ հաճախ վերածվում է խուլիգանության՝ մասնավորապես առիթ հանդիսանալով տղամարդկանց համար կանանց հանդեպ բռնություն գործադրելու: Ջրոցու մասնակիցները, խեղաթյուրելով Վարդավառի տոնի ողջ խորհուրդը, խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժին և վարորդների անվտանգ երթևեկությանը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պատահական անցորդների հանդեպ՝ թիրախավորելով հատկապես կանանց: Հիմնվելով վերոնշյալ տոնի անցկացման նախորդ տարիների փորձի վրա՝ կարող ենք փաստել, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ տղամարդիկ, հակառակ կանանց ցանկության, ջուր են լցրել նրանց վրա, բռնի կերպով նետել են նրանց ջրի մեջ, հրմշտել են, բրդել, հպվել, ընդհուպ մինչև սեռական ոտնձգության փորձ կատարել»:

Մասնավորապես՝ Երևանում Վարդավառն այս տարի նշվելու է հուլիսի 23-ին: Հասարակական կազմակերպությունը ոստիկանությանը հորդորում է լինել առավել զգոն, և պաշտպանել ՀՀ քաղաքացիներին` մարդու իրավունքները ոտնահարող և արժանապատվությունը նսեմացնող արարքներից:

«Ցանկացած միջոցառման ժամանակ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում և ապահովում հասարակական կարգը»,- ի պատասխան հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

armtimes.com