Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով
Advertisement 1000 x 90

Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով

Զբոսաշրջիկները նոր հետաքրքրություն կարող են գտնել Հայաստանի զբոսաշրջային ամենագեղեցիկ և գողտրիկ քաղաքներից մեկում` Ծաղկաձորում: Առաջիկա մի քանի տարվա ընթացքում քաղաքում ժամանցի մեծ կենտրոն կկառուցվի, որը կունենա կինոթատրոն, սահադաշտ և հաճելի հանգիստ անցկացնելու համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»ի թղթակիցը զրուցեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ:

«2012 թվականին եմ ընտրվել Ծաղկաձորի քաղաքապետ, սակայն տեղի բնակիչ եմ ու իմ աչքով եմ տեսնում, թե ինչպես է օր օրի մարդկանց հետաքրքրությունը մեծանում մեր քաղաքի հանդեպ: Դրանում մեծ դերակատարություն ունի նաև պետությունը, որը տարբեր ծրագրեր է իրականացնում Ծաղկաձորում զբոսաշրջությունը զարգացնելու համար»,-նշեց Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին Ծաղկաձորում միայն նոյեմբեր-դեկտեմբերին են մարդիկ կարողանում շինարարական աշխատանքներ իրականացնել, քանի որ մյուս ամիսներին քաղաքը ակտիվ կյանքով է ապրում:

Ըստ քաղաքապետի` 2011, 2012, 2013 թվականներին Ծաղկաձոր են այցելել 80-100 հազար զբոսաշրջիկներ, իսկ այսօր նրանց թիվը հասնում է 800 000-ի՝ ներառյալ ՀՀ տարբեր շրջաններից Ծաղկաձոր ժամանած զբոսաշրջիկները: Նրանց թվում շատ են իրանցիները, որոնց գրավում են հայկական եկեղեցիները:

«Կարևորում եմ նաև տարբեր միջոցառումների, զանազան փառատոնների դերը Ծաղկաձորի ճանաչելիության ու զարգացման գործում: Դրանց շնորհիվ շատերը գոնե մեկ անգամ գալիս են մեզ մոտ ու լավ ժամանակ անցկացնում, ինչը նույնպես գովելի է: Հատկապես հետաքրքիր է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որի շնորհիվ միան մի քանի օրվա ընթացքում քաղաք է գալիս 5000 և ավելի մարդ: Հաճելի է ներկայացումներ դիտել Ծաղկունյաց հրապարակում, որտեղ տեղադրված է մնջախաղի մեծ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի արձանը: Այն մթնոլորտն ավելի կոլորիտային է դարձնում»,-շեշտեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ իրենք հաշվի են առնում զբոսաշրջիկների դրական և բացասական կարծիքները քաղաքի մասին ու փորձում լրացնել բացերը:

«Ցանկանում ենք լուծել և՛ տեղի բնակիչների, և՛ զբոսաշրջիկների զբաղվածության խնդիրը: Նախատեսում ենք ժամանցային կենտրոն բացել այստեղ, որը կներառի կինոթատրոն, սահադաշտ և ժամանցի այլ վայրեր: Ճանապարհների ասֆալտապատման հարցերն ենք կարգավորում ու կարծում եմ, որ երեք տարի հետո մենք ավելի հետաքրքիր Ծաղկաձոր կունենանք»,-նշեց նա:

Անդրադառնալով Ծաղկաձորի բնակիչների կեցության խնդիրներին` քաղաքապետն ասաց, որ նրանց մեծ մասը սեզոնային բիզնեսով է զբաղվում, և բնակիչների հոսքն արտերկիր շատ չէ:

Անժելա Համբարձումյան