Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել է Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 C C 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օվսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո «ոսկե երիտասարդը», ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր տղան է, երեխային թողել էր անօգնական ու դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, այնուամենայնիվ, նա և իր հիմնական «հովանավորը» մի քանի ժամ փորձել են «ծածկադմփոց անել»՝ ազդել Սյունիքի մարզի քննիչների, ոստիկանների և ճանապարհային ոստիկանների վրա, որպեսզի ինչ-որ մեկին իբրև վարորդ ներկայացնեն, սակայն հորեղբայրը ծանր ու թեթև է արել ու համոզվել, որ անցել են ծածկադմփոց անելու ժամանակները, և ստիպված եղբոր տղային հորդորել է, որ նա մեղայականով ներկայանա իրավապահներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը եղել է ոչ սթափ /խմած/ վիճակում, ինչի համար էլ քննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն։
Ամբողջությամբ՝ shamshyan.com