Միկրոալիքային վառարանի կամ վարսահարդարիչի օգնությամբ նոթատետրում գրվածը ջնջելը և հաջորդ օրվանից ամեն ինչ սկզբից սկսելն այլևս ֆանտաստիկա չէ։ Կայացել է EcoPad բազմակի օգտագործման հնարավորությամբ հայկական առաջին նոթատետրի շնորհանդեսը։
«Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը EcoPad-ի շնորհանդեսի ժամանակ նշեց, որ նոթատետրն ունի յուրօրինակ հատկություններ։ «Այս նոթատետրի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարել երիտասարդ հայ ինժեներներ՝ մոտ 4-6 ամիս։ Շատ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել և հպարտ ենք այսօր ասել, որ մեր EcoPad-ը պատրաստված է վերամշակված թղթից»,- ասաց Շաքարյանը։
Նոթատետրը հնարավոր է օգտագործել մի քանի անգամ՝ դնելով այն միկրոալիքային վառարանի մեջ կամ չորացնելով վարսահարդարիչի օգնությամբ։
EcoPad-ը միկրոալիքային վառարանում մեկ բաժակ ջրի հետ դնելուց 4 րոպե հետո այնտեղ արված բոլոր գրառումներն անհետանում են և ունենում ենք բոլորովին նոր նոթատետր։
Վառարանում դնել կարելի է 10 անգամ, իսկ վարսահարդարիչով կրկնակի կարելի է օգտագործել։
EcoPad-ն իրեն կից ունի բջջային հավելված, որը հասանելի է և՛ Android, և՛ IOS բջջային օպերացիոն համակարգերի համար։
Այն հնարավորություն է տալիս նոթատետրում եղած ողջ ինֆորմացիան սքանավորել և պահպանել այդ համակարգի մեջ։ Նոթատետրը բաղկացած է 70 էջից և տրված է հատուկ կետիկավոր բաժանում, որպեսզի, թե՛ նկարողներին, թե՛ պարզապես գրառումների համար ավելի հասանելի լինի։
Նոթատետրի ամրակարն անվտանգ է միկրոալիքային վառարանում դնելու համար, այն ստեղծված է հատուկ նյութից։
EcoPad-ն արժե 13.000 դրամ և իր հետ ունի նաև գրիչ, որի հետևի հատվածում կա ռետին։