Նամակ-դիմում ԱԺ պատգամավոր, իմ լավ ընկեր Սամվել Ֆարմանյանին
Advertisement 1000 x 90

Նամակ-դիմում ԱԺ պատգամավոր, իմ լավ ընկեր Սամվել Ֆարմանյանին

Քաղաքագետ Կարեն Քոչարյանի Facebook-յան հրապարակումը:

Իմ շատ լավ ընկեր Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է մի հարց, որն, իմ կարծիքով էլ, արդի Հայաստանի ամենացավոտ հարցն է՝ ժողովրդագրության խնդիրը:

Պարոն Ֆարմանյանն իրոք ճիշտ նկատառումներ է անում, երբ ասում է, որ  «այսօր ՀՀ-ում «ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ հանրայնորեն չգիտակցված «լավ ապրելու» գաղափարախոսություն է ձևավորվել»:

Նա ասում է, որ «Տնտեսական աճը ոչ մի գրոշի արժեք չունի, եթե հայությունը իր հայրենիքում չի ապրելու: Ժամանակն է, որ իշխանություններն իրենց թիրախում ունենան ոչ թե տարատեսակ տնտեսական ցուցանիշները, որը, որպես գնահատման չափանիշ, բնորոշ է և ճիշտ է զարգացման կայուն փուլում գտնվող երկրների համար, այլ երկրում առկա հենց դեմոգրաֆիական միտումները»:

Լրիվ համաձայն եմ, պարոն Ֆարմանյան: Պատրաստ եմ, լծվել այդ գործին, քանզի ես այն մարդկանցից եմ, ում գրասենյակում արդեն վաղուց մի քանի տեղ փակցված է «ՉԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ» պաստառը:

Բայց եկեք անկեղծ լինենք: Որտեղի՞ց է գալիս Ձեր կողմից նշված «լավ ապրելու» գաղափարախոսությունը և ովքե՞ր են այն ձևավորել: Եթե ժողովրդագրության խնդիրը սպառնում է վերածվել ազգային աղետի, ապա համաձայնվեք, որ դա մեկ օրվա պրոբլեմ չէ:

Իսկ եթե դա երկար տարիների խնդիր է, ապա ինչպե՞ս է պատահել, որ ընտրողների քանակի վրա այդ պրոբլեմը երբեք չի անդրադարձել:

Համաձայնվեք, որ եթե պետական չինովնիկներն ու պատգամավորները (որոնց մեծ մասը աշխատավարձով ապրող մարդիկ են) ֆեյսբուքներում, Երևանի կենտրոնում կամ Մոնումենտում բոլորի աչքի առաջ «լավ են ապրում», ապա ինչո՞ւ չպետք է ուզենա «լավ ապրի» այն ժողովուրդը, որն այդ ամենը տեսնում է ամեն օր, ամեն ժամ:

Եթեները շատ են… Բայց անկախ ամեն ինչից միշտ պատրաստ եմ աջակցել այն գործին, որը սկսել եք: