ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները գնացել են բնակարանում օձ լինելու ահազանգի հետևից, սակայն պարզվել է, որ այնտեղ սիրեկաններ են:
«Ահազանգ ստացանք, որ բնակարաններից մեկում օձ կա, բնականաբար սահմանված կարգով արձագանքել ենք և ժամանել դեպքի վայր: Օձ, իհարկե, չի հայտնաբերվել, այնտեղ առկա էր երիտասարդ զույգ: Ըստ երևույթին, բարեկամներից մեկն է տեսել ու զանգել մեզ: Ցավալի դեպք է, իհարկե»,- «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նա պատմեց մեկ այլ զավեշտալի դեպքի մասին: Քաղաքացիները զանգահարել էին ԱԻՆ 911 ծառայություն, և ասել, որ դիմացի շենքի տանիքում մի աղջիկ է և ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները շտապ արձագանքել են և պարզվել է, որ տանիքում գտնվող աղջիկն ընդամենը ականջակալները դրած երաժշտություն է լսում ու պարում: