ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում կախված վիճակում հայտնաբերված զինվորին դեպքի օրը զորամասի հրամանատարությունը մեկ օրյա արձակուրդ էր տվել, որ, ըստ էության, տղան շրջի քաղաքում և սահմանված ժամին ներկայանա զորամաս: Սակայն զինվորը չի ներկայացել, ինչից հետո զորամասի հրամանատարությունը ահազանգ է հնչեցրել, սկսվել են որոնողական աշխատանքները:
Ապա նրան գտել են ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում: Զինվորի մահն առեղծված է բոլորի համար, քանի որ նա մեկ տարվա ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել կամ, առհասարակ, հարազատներին որեւէ դժգոհություն չի հայտնել:
Սակայն ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ վերջինիս հարազատներին հայտնի է դարձել, որ նա վերջին անգամ դեպքի օրը զանգահարել է իր ծանոթներից մեկին եւ 20 հազար դրամ է խնդրել, որ այդ գումարը իրեն շատ անհրաժեշտ է:
Արդյոք գումարը կարո՞ղ էր պատճառ դառնալ, որ նա ինքնասպանության գնար, դժվար է ասել, սակայն վերջինիս հարազատները պնդում են, որ նա այդ տղան չէր, որ գումարի համար գնար այդ քայլին. եթե նա հարազատներից որեւէ մեկից խնդրեր, ապա նրան այդ գումարը կտրամադրեին: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները: Պարտադիր ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում:
Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարը` Վարդան Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից
Քնար Մանուկյան