Այսօրվանից ամեն շաբաթ-կիրակի Մաշտոցի պուրակի տարածքում կգործի գյուղմթերքի շուկա։ Գյուղացիներն այստեղ կվաճառեն իրենց գյուղմթերը` առանց վերավաճառողների միջնորդության։ Շուկան կաշխատի 11։00-ից 17։00-ն։ Գրիգոր Վարդանյանն Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղից է։ Շուկայում այսօր վաճառում է բրոկոլի, խնձոր, սալոր, պղպեղ, դանդուռ։ Ապրանքի հիմնական մասը բանջարեղենն է, որ աճեցրել է տնամերձ հողամասում։ Բրոկոլին, կարելի է ասել, պարոն Գրիգորի վաճառքի այցեքարտն է։ Շուկայում այս բանջարեղենի քիչ քանակություն է ներկայացված։ Ասում է՝ այն շուտ փչացող է. եթե այսօր չվաճառի, վաղը ստիպված է լինելու թափել։
Մինչ այս, իր ունեցած գյուղմթերքը վաճառելու համար նա երբևէ շուկա չի գնացել, մեծ քանակությամբ մթերք վաճառել է վերավաճառողների։ Գյուղմթերքի ներկայիս վաճառքից դեռևս գոհ չէ, հատկացված տարածքում էլ որոշ թերություններ է նկատել, բայց չի դժգոհում, առավոտից կարողացել է ունեցած ապրանքի մի մասը վաճառել։
Շուկայում տաղավար ստանալու համար գյուղացիները դիմում են Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղեր` ստանալու տեղեկանք, որը կհավաստի, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը, որից հետո նրանց է տրամադրվում տաղավար։
Ամբողջությամբ՝ hetq.am