WikiLeaks-ը հրապարակել է ավելի քան 21 հազար նամակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբից: Առաջին նամակը թվագրվում է 2009թ. մարտին, վերջինը՝ 2017թ. ապրիլին: Ինչպես հայտնում է կազմակերպությունը, իր տրամադրության ներքո ավելի շատ նյութեր կան, սակայն դեռևս համակարգված են միայն այդ նամակները: Նամակների թվում տեղեկություն է պարունակվում Հայաստանի մասին: «Մենք ներկայացնում ենք ավելի քան 71.8 հազար նամակից բաղկացած արխիվ մոտ 5000 օգտատիրոջից»,- ասվում է Twitter-ում WikiLeaks-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Հրապարակված նամակներում կա հատուկ Մակրոնի համար կազմած կարևոր իրադարձությունների դայջեսթը՝ ուղարկված ֆրանսիական «Լե Մոնդ» թերթի հասցեից: Այդ փաստաթղթերում, որը ուղարկվել է Մակրոնի նախընտրական շտաբի աշխատակից Աննա Քրիստիանին, ներկայացված են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ 2016թ. հունիսին Հայաստան այցի արդյունքները, ինչպես նաև ամենակարևոր հայտարարությունները: Հատկապես նշվում է, որ Հռոմի պապը, նկարագրելով 1915թ. իրադարձությունները, կիրառել է «ցեղասպանություն» եզրը, ինչը զայրույթ է հարուցել Թուրքիայում:
Մակրոնի համար մեկ այլ նամակում ներկայացված են հրապարակումներ Հայաստանի տնտեսության մասին, որտեղ նշված է, որ երկրի զարգացումը կախված է գյուղատնտեսության ոլորտում առաջխաղացումից և IT-տեխնոլոգիայից: «Հայաստանը տառապում է գործազրկության բարձր մակարդակից: Բնակչության գրեթե մեկ երրորդը ապրում է աղքատության շեմին: Սակայն համակարգչային ինդուստրիայի աճը կարող է իրերի դասավորությունը փոխել տնտեսական պլանում»,- նշված է Մակրոնի համար պատրաստված դայջեսթում:
Մայիսի սկզբին Մակրոնը դուրս եկավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ Մարին Լե Պենի հետ միասին: Դրանից առաջ WikiLeaks-ը հայտնեց նախագահի թեկնածուի էլեկտրոնային նամակների խոշորագույն արտահոսքի մասին: Մակրոնի շտաբը դատապարտել էր ցանցահենային հարձակումներն ու հայտարարել, որ բացի իրական նամակներից, հրապարակվել են նաև ֆեյքային փաստաթղթեր: Չնայած սկանդալին՝ մայիսի 14-ին Մակրոնը հաղթանակեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 66%-ը:
Աղբյուրը ` Newsbook.am