
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 10.40-ին Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ գերեզմանատանը կրակոցներ արձակած անձը Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ Թելման Քալաշյանն է, որը մահացածի ընտանիքի հետ բիզնեսի մեջ է եղել, ներդրումներ են իրականացրել, ինչից հետո Քալաշյանների ընտանիքի եւ մահացած անձի ընտանիքի միջեւ պարտք ու պահանջի հարց է առաջացել: Ըստ Շամիրամ համայնքում տարածված լուրերի` այդ պարտք ու պահանջի հարցն էլ այն գագաթնակետին է հասել, որ Թելման Քալաշյանը որոշել է հաշվեհարդար տեսնել` գնալ գերեզմանատուն եւ կրակել հավաքված մարդկանց վրա: