Այսօր առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո հանդիսությունների սրահում հնչած կրակոցների հետևանքով, ինչպես հայտնի է, կան զոհեր և վիրավորներ: Բոլորն էլ Շամիրամ գյուղի բնակիչներ են:
Գյուղապետ Մրազ Բրոյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո հանդիսությունների սրահում: Համայնքապետը նշեց նաև, որ կրակոցների հետևանքով մահացել են 1984 թվականին ծնված Զորիկ Օզմանյանը, նրա 81-ամյա հորեղբայրը՝ Ամրո Օզմանյանը, և 1969 թվականին ծնված Աղասի Քալոյանը: Իսկ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ գյուղապետի՝ կա վեց վիրավոր: Թե ինչպես ու ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը, վերջինս տեղեկություն չունի, տեղյակ չէ նաև, թե ով է եղել կրակողը, քանի որ վերջինս դեպքի վայրից անմիջապես փախուստի է դիմել: Մրազ Բրոյանը նշեց, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահները: