Շամիրամ գյուղում սգո արարողության սրահ ներխուժած անձը պատահականության սկզբունքով կրակահերթ է արել ու հեռացել, «Ազատության» եթերում պատմել է դեպքի ականատեսներից մեկը՝ Մրազ Նաբոյանը:
«Սպանվել են Զորիկը, սպորտսմեն տղա էր, 30 տարեկանին մոտ, Աբասը 40 տարեկանից ավել էր, իսկ Մրազն էլ տարիքով էր: Եկավ մտավ սկսեց կրակել, կրակոցների ձենը լսեցինք, մտանք սեղանների տակ, մինչև սեղանների տակից դուրս եկանք, արդեն փախել էր: Ասում են՝ «Նիվա»-ով էր», – պատմել է ականատեսը:
Մեքենան արագ վարելիս վթարի է ենթարկվել, հետո թողել է ճանապարհին ու փախել:
Նաբոյանի խոսքով՝ հանցագործը գյուղից չի եղել, նրան չեն ճանաչել: Սգո սրահում մարդկանց թիվը, նրա ներկայացմամբ, հասել է 400-ի, բոլորը տղամարդիկ են եղել:
«Նստած էինք սեղանին, աղոթում էինք, ասում էինք՝ թող միշտ մեր Հայաստանը խաղաղ լինի», – ասել է նա:
Հիշեցնենք՝ կրակոցների հետևանքով 4 անձ զոհվել էր, 6-ը վիրավորվել ու վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Ըստ ոստիկանության՝ անձը զինված է եղել «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացանով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: