Հայաստանում այս տարվա 7 ամսվա ընթացքում արձանագրվել է սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով: Թունավորվածների շրջանում մահվան ելք չի գրանցվել: Դեպքերից 10-ն արձանագրվել է Լոռու, 2-ը՝ Արարատի, 3-ը՝ Կոտայքի մարզերում, 5-ը՝ Երևանում: Բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է:
Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խորհուրդ է տալիս` չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի, սննդում չօգտագործել հում սունկ:
Սունկը պետք է գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի: Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել, ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը: