Սևանում ավարտվել է Sevan Startup Summit-ը: Իր ձևաչափով Sevan Startup Summit-ը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, Sevan Startup Summit-ն իր ձևաչափով առաջինն է աշխարհում:
Սամմիթը հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակիցների և հյուրերի, որոնց թվում էին 100 ստարտափներ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք։ Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմեց ավելի քան $45,000, որը բաշխվեց 18 թիմերի միջև։
Բացի գումարային մրցանակներից, սամմիթի մասնակիցները ստացան բացառիկ հնարավորություն՝ շփվել բազում հաջողակ ստարտափերների և բիզնեսմենների հետ։ Այս տարի, բացի հրավիրված ամենօրյա դասախոսներից, կիրառվեց նաև «CampFire Talks» ֆորմատը, որտեղ հաջողակ բիզնեսմենները խոսում էին իրենց հաջողության ճանապարհի մասին՝ խարույկի շուրջ։ Այդ ձևաչափով խոսակցությունները նաև օգնեցին սամմիթի մասնակիցներին նոր կապեր ձեռք բերել, որը հետագայում կարող է նպաստել ստարտափի զարգացմանը։
3 մրցութային օրերի ընթացքում անցկացվեցին 7 մրցույթներ։ Սամմիթի ընթացքում անցկացվեց 24-ժամյա ծրագրավորողների կոդավորման մրցույթ։
Սամմիթի գլխավոր գործընկեր «Ամերիաբանկը» շնորհեց «Big Battle»-ի գրան պրին՝ $8000, որը հաղթող թիմը խոստացավ չհուսահատեցնել իրեն հավատացողներին։ Այս մրցանակը ստացավ «ANIX» ստարտափը, որն առաջարկում է բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը:
5000 դոլար հատուկ մրցանակի արժանացավ Triple-E ստարտափը, Lenz-ը՝ 3000 դոլարի: 2500-ական դոլար ստացան Augment-AR, Chessify, Trimaran Hotel, MatchUp, Play& Do ստարտափները, 2000 դոլար՝ Cyber mantis-ը, 1000 դոլար՝ Devstack, Locotech ստարտափները, 500 դոլար՝ V-mobile-ը և Augment-AR-ը:
Նշենք, որ բոլոր մրցույթների հաղթողներին որոշել են այդ ոլորտում հաջողության հասած մարդիկ, ովքեր ընդգրկվել են 4-6 հոգուց բաղկացած ժյուրիի կազմում։
Բացի այդ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գնահատելով ինովացիոն գաղափարների դերը ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում և մշտապես սատարելով ստարտափների զարգացմանը, «Սևան Ստարտափ Սամմիթի» մրցանակակիրներին տրամադրել է արտոնյալ պայմաններ «ԴիջիԹեք 2017» տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի մասնակցության համար:
«Սևան Ստարտափ Սամմիթի» հիմնադիր Հակոբ Հակոբյանը փակման արարողությանը նշել է, որ «Սևան Ստարտափ Սամմիթը» կարելի է համարել հաջողված նախագիծ:
«Այն տեղի ունեցավ կազմակերպիչների, գործընկերների, աջակիցների և, իհարկե, մասնակիցների շնորհիվ։ Հույս ունենք, որ հետագայում արդեն կլսեք «Seaside Startup Summit»-ի մասին, որը տեղի կունենա աշխարհի տարբեր ծայրերում։
Նշենք, որ սամմիթը կազմակերպել են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, «ԳլոբաԷյԷմ» հ/կ-ն, «ՓՄՁ ԶԱԿ»-ը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Սիրարփի Աղաբաբյան